Կուզեի հայկական թոնիր ունենալ Նյու Յորքում. Միշլենի աստղի արժանացած Մեդս Ռեֆսլունդ

Հայտնի շեֆ խոհարար Մեդս Ռեֆսլունդը` "Noma" լեգենդար ռեստորանի համահիմնադիրն իր թիմի հետ Հայաստանում է։ Նա հատուկ առաքելությամբ է եկել մեր երկիր։
Sputnik

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Արդեն հինգերորդ օրն է` աշխարհի լավագույն շեֆ խոհարարներից մեկը` Մեդս Ռեֆսլունդը, համտեսում, «շոշափում» ու թեստավորում է հայկական խոհանոցի բաղադրիչները և փորձում է հասկանալ դրանց «համային ներուժը»։
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 10-ը նա ամեն երեկո Ծաղկունք գյուղի նորաբաց ռեստորանում պետք է ներկայացնի 15 ուտեստից բաղկացած ընթրիք` լավագույնս բացահայտելով տեղական մթերատեսակների համային սահմանները։
Նա այցելել է ԳՈւՄ–ի շուկա, պանրի գործարաններ և ձկնաբուծարաններ։ Բայց Միշլենի աստղի արժանացած շեֆ խոհարարին ամենից շատ ոգեշնչում է բնությունը, այնպես որ նա արդեն հասցրել է ծանոթանալ Հայաստանում աճող լեռնային խոտաբույսերի հարուստ ընտրանուն։
Մեդս Ռեֆսլունդ
Մենք նրան կտրեցինք խոհարարական շոուի համար բաղադրիչներ ընտրելու գործընթացից և զրուցեցինք Ծաղկունք գյուղում, որտեղ այսօր ապրում և աշխատում է հայտնի դանիացին։ Ի հեճուկս շեֆ խոհարարների մասին ավանդական պատկերացման, Մեդսը շատ բարեկազմ է։ Ո՞րն է նրա գաղտնիքը։
– Վորքաութը (մարմնամարզության տեսակ. խմբ)։ Ամեն առավոտ։
– Եվ վե՞րջ։
– Դե՜, նաև սնունդը...
Զրույց Մեդս Ռեֆսլունդի հետ
Մեդսը շատ է օգտագործում կանաչի, տարբեր խոտաբույսեր և համեմունքներ։ Հայաստանում նրան ուրցով թեյ են հյուրասիրել։ Հիմա նա մշտապես է ուրցով թեյ խմում։ Դանիացի խոհարարը շատ է հավանել մեր մրգերը, չորաթանը, ինչպես նաև ծիտրոնը, ռեհանը... Նա հաճույքով է համտեսել թփով տոլման ու արցախյան քյուլունգյոշը։
«Սևանի խեցգետինները պարզապես հրաշք են։ Մրգերն ու չրերը շատ լավն են, իսկ լավաշը ուղղակի ապշեցուցիչ է», – ասաց Մեդսը։
Հետաքրքրվեցինք` արդյոք համտեսե՞լ է միայն Գեղարքունիքի մարզում պատրաստվող հազվագյուտ նրբախորտիկը` խեցգետնի վզիկից պատրաստված քաբաբը։
«Ինձ արդեն պատմել են այդ ուտեստի մասին, բայց դեռ չեմ փորձել։ Դա խելահեղ մի բան է։ Անպայման կփորձեմ», – վստահեցրեց նա։
Մեդս Ռեֆսլունդը շուկայում
Հայտնի խոհարարը Միքայելյանների ընտանեկան ֆերմայում գնահատել է տեղական պանրի մի քանի տեսակները և մեզ պատմեց տեխնոլոգի մասին. "Տեսնեիք, թե ինչպես էին աչքերը փայլում։ Եթե մարդը նման ոգևորությամբ է մի բան անում, նրա արածը չի կարող վատը լինել"
Շեֆ խոհարարին շատ է տպավորել հայկական թոնիրը և նման վառարանների հայեցակարգն ընդհանրապես։ Բանն այն է, որ կրակի վրա սնունդ պատրաստելը Մեդսի խոհարարական փիլիսոփայության մի մասն է։
Մեդս Ռեֆսլունդ
«Դա բացառիկ և աուտենտիկ բան է։ Շատ կցանկանայի թոնիր ունենալ Նյու Յորքի իմ ռեստորանում։ Բայց դա շատ դժվար է անել` հաշվի առնելով ԱՄՆ առողջապահության նախարարության պահանջները», – ասաց նա։
Մեդսը խոստովանեց, որ Հայաստան գալուց առաջ քիչ բան գիտեր հայկական խոհանոցի մասին, բայց ծանոթ էր վրացականին։ Երկու ժողովուրդների խոհարարական ավանդույթներում մի շարք ընդհանրություններ կան` հաշվի առնելով աշխարհագրության նմանությունը, ուտեստների աուտենտիկությունը, ինչպես նաև սննդի, հատկապես մսի երկարատև պատրաստման ավանդույթը։ Այնուամենայնիվ, հայկական և վրացական խոհանոցները, ըստ նրա, նույնը չեն։
Հետաքրքիր է, որ «աստղային» խոհարարը նմանություն է գտել հայկական և սկանդինավյան խոհանոցների միջև։ Ըստ նրա` դա արտահայտվում է մթերքի պահածոյացման և թթու դնելու, ինչպես նաև մեծ քանակի հաց օգտագործելու ավանդույթի մեջ. «Մենք հացն ուտում ենք ամեն օր։ Լսե՞լ եք տարեկանի հացի մասին։ Մեր ամենօրյա ուտելիքն է»։
Մեդս Ռեֆսլունդը ուտեստ է պատրաստում
Ինչպես արդեն նշեցինք, դանիացի շեֆ խոհարարը տասը օր շարունակ 15 ուտեստից բաղկացած ընթրիք է մատուցելու։ Ծառայության նախապատրաստման և գինու քարտեզների պատասխանատուն Վերոնիկա Ջոյ Ռոգովն է, որը Միշլենի աստղի արժանացած ամերիկյան լավագույն ռեստորաններում աշխատելու մեծ փորձ ունի։ Աստղային հյուրերի մասնակցությամբ այս նախագիծը Գեղարքունիքի մարզի զարգացման հայեցակարգի մի մասն է, որն առաջարկել է «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամը։
Ի՞նչն է անվանի շեֆ խոհարարին գրավել այս նախագծում։ «Հետաքրքրասիրությունը։ Ինձ շատ է գրավում այն ամենը, ինչը դեռ չեմ փորձել։ Եթե մի բան բավականաչափ լավ չգիտեմ, անպայման սկսում եմ ուսումնասիրել»,– պատասխանում է Մեդս Ռեֆսլունդը։
Шеф Мэдс Рефслунд на беребу озера Севан
Նա անշուշտ հայկական խոհարարական ավանդույթից որևէ բան կտանի իր հետ, իսկ տեղի մասնագետները կհիշեն նրա արտասովոր ոճն ու ուտեստների պատրաստման մոտեցումը։
Ինչպես նշեց Tsaghkunk Restaurant&Glkhatun–ի շեֆ խոհարար Սուսաննա Ղուկասյանը, սա բացառիկ հնարավորություն է որևէ նոր բան սովորելու և համաշխարհային մակարդակի մասնագետի փորձն ընդօրինակելու համար։
Մեդս Ռեֆսլունդ