ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Համայնքների խոշորացմանը վերաբերող օրենսդրական փաթեթն Ազգային ժողովում ընդունվել է ժամերի ընթացքում։ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը պնդում է՝ օրենսդրական փաթեթի սահմանադրականության խնդիրն ակնհայտ է։ Հիմա հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պետք է որոշում կայացնի՝ փակել աչքերը ապօրինության վրա և ստորագրել այն, թե դիմել Սահմանադրական դատարան։
«Երեք ամիս առաջ ընդունված ՍԴ որոշումն ասում է՝ համայնքների խոշորացումն ունի կոնկրետ ձև և բովանդակություն, թե ինչպես պետք է արվի՝ տեղական լսումներ պետք է անցկացվեն, տեղական հանրաքվե անցկացվի կառավարության բյուջետային միջոցների հաշվին։ Դուք դրանցից որևէ մեկը տեսե՞լ եք։ Չեք տեսել, որովհետև չեք արել։ Եթե փորձում են դա մեկնաբանել, թե ԱԺ-ում մի քանի համայնքների ղեկավարների հետ քննարկումները լսումներ են, ուրեմն իրենք չգիտեն, թե լսումներն ինչ են»,- հայտարարեց Վարդևանյանը լրագրողների հետ ճեպազրույցում։
Նա ընդգծեց՝ եթե նախագահը չդիմի ՍԴ, իրենք դա կանեն։
Վարդևանյանի խոսքով` քանի որ ՍԴ որոշումը կոպիտ խախտումով բերվեց ԱԺ, դա հանցանք է։ Սահմանադրական դատարանի որոշումները խստորեն պահպանելու, այլ ոչ թե խախտելու համար են։ Պատգամավորը վստահեցրեց՝ դրա համար քրեական հետապնդումներ են լինելու։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթ։ Ըստ այդմ` Հայաստանը կունենա 78 համայնք, որոնցից 71-ը՝ միավորված: Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։