ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը դրական քայլ է համարել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որին մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Նա գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։
«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երեկվա հանդիպումը, որը տեղի ունեցավ պատերազմից մեկ տարի անց, դրական քայլ է ։ Մենք շարունակում ենք մեր ջանքերը կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ»,– նշել է Լը Դրիանը։
Նա հավելել է, որ առկա լարված իրավիճակը քննարկել է Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի գործընկերների հետ:
Հիշեցնենք, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև համատեղ բանակցություններ են կազմակերպել: