ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. «Միսս Երկիր» գեղեցկության միջազգային մրցույթում Հայաստանն այս տարի կներկայացնի Երևանում ծնված 23-ամյա Մարինա Շուքուրյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց պրոդյուսերը՝ Յանա Գրիգորյանը, որը 20 միջազգային մրցույթների հայաստանյան ներկայացուցչության տնօրենն է։
Մարինա Շուքուրյան
© Photo : provided by Yana Grigoryan
Մարինան մասնագիտությամբ տնտեսագետ է: Ավարտել է ԵՊՀ–ի տնտեսագիտություն և կառավարում բաժինը: Սովորել է նաև գրաֆիկ դիզայն և հիմա աշխատում է այդ ոլորտում, զուգահեռ զբաղվում է մոդելինգով։
Մարինա Շուքուրյան
© Photo : provided by Yana Grigoryan
«Ունեմ տարբեր հոբբիներ, որոնց թվում են նկարչությունը, երգելն ու դաշնամուր նվագելը։ Ժամանակ առ ժամանակ մեծ թենիսով եմ զբաղվում, ինչպես նաև ազատ ժամանակս տրամադրում եմ կամավորական աշխատանքներին։ Շատ եմ սիրում ճանապարհորդել, ծանոթանալ տարբեր երկրների մշակույթին, քանի որ դա ինձ միշտ ոգեշնչում է: Սիրում եմ կենդանիներին, հատկապես` շներին, հաճախ եմ գնում անտուն կենդանիների ապաստարան, փորձում եմ նրանց համար բարի տերեր գտնել»,–ասում է Մարինան:
Մարինա Շուքուրյան
© Photo : provided by Yana Grigoryan
Նա 2019 թվականին արժանացել է «Թոփ մոդել Հայաստան» տիտղոսին: Մարինան շատ ուրախ է, որ հենց իրեն է հնարավորություն ընձեռվել ներկայացնելու Հայաստանը «Միսս Երկիր 2021»–ում։ Նշենք, որ աղջիկը չի դիմել ոչ մի պլաստիկ միջամտության։
«Լինելով այդ մրցույթի մասնակից` ուղերձ եմ հղելու երկրագնդի բնակիչներին, որպեսզի պահպանեն ու փայփայեն մեր շրջակա միջավայրը»,–ասաց նա։
Պրոդյուսեր Յանա Գրիգորյանի խոսքով` համավարակի պատճառով մրցույթը կանցկացվի հեռահար։
«Միսս Երկիր 2021»–ը մեկնարկել է սեպտեմբերի 20–ին Ֆիլիպիններում և կավարտվի դեկտեմբերի 12–ին։ Այս տարի տիտղոսի համար կպայքարեն 100 երկրների գեղեցկուհիներ։ Հայաստանը մրցույթին մասնակցում է 5–րդ անգամ։
«Այս տարի որոշեցի համագործակցել Տաթև Ավետիսյանի հետ, որը «Թոփ մոդել Արմենիա», «Միսս ֆեյսբուք» և «Միսս ինստագրամ» մրցույթների կազմակերպիչն է։ Կան պլաններ, հետագայում միասին համագործակցելու և բարձր մակարդակով կազմակերպելու ազգային մրցույթ, որի շրջանակում ավելի շատ աղջիկներ հնարավորություն կունենան մասնակցելու նախընտրական փուլին և 2022 թվականին Հայաստանը ներկայացնելու «Միսս Երկիր 2022"–ին»,– նշեց Յանա Գրիգորյանը։
Յանա Գրիգորյան
© Photo : provided by Yana Grigoryan
«Միսս Երկիր» միջազգային գեղեցկության մրցույթն անցկացվում է ՄԱԿ-ի հովանավորությամբ։ Սա այն մրցույթներից է, որտեղ աղջիկներն արտաքին տվյալներից բացի, պետք է կարողանան ճիշտ ներկայացնել սոցիալական մի շարք հարցեր, մասնավորապես շրջակա միջավայրի պաշտպանությանն ու բնապահպանությանն առնչվող խնդիրները։
Հիշեցնենք, որ 2015 թվականին այս մրցույթում մեր երկիրը ներկայացրել է Լիլիթ Մարտիրոսյանը, 2018 թվականին՝ Սոնա Դանիելյանը, 2019 թվականին`Հռիփսիմե Սարգսյանը, 2020–ին`Երանուհի Մելիքյանը: