Առևտրային պատերազմ և կղերականների վեճ. իրանա–ադրբեջանական դիմակայությունը նոր ձև է ստանում

Իրանի և ՀՀ–ի միջև տրանսպորտային կապը խաթարելու ադրբեջանական փորձերի հետևանքով Թեհրանի և Բաքվի առճակատումը սրվել է։ Արդեն վեճի մեջ են մտել նաև հոգևորականները։ Ինչպե՞ս այդ ամենը կանդրադառնա ՀՀ–ի շահերի վրա։ Իրավիճակն ուսումնասիրել է Sputnik Արմենիայի սյունակագիրը։
Sputnik
Ինչպես հայտնի է, կոնֆլիկտն առաջացել է ադրբեջանցի զինվորականների կողմից իրանցի երկու վարորդների ձերբակալման հետևանքով։ Միջադեպը տեղի է ունեցել ՀՀ Սյունիքի մարզում, Գորիս–Կապան վիճահարույց ավտոճանապարհահատվածում, որը 44-օրյա պատերազմի հետևանքով անցել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ։ Թեհրանում Բաքվի այդ քայլն ընկալել են որպես սադրանք, որն ուղղված է ոչ միայն Հայաստանի հետ առևտրային կապերի զարգացմանը խոչընդոտելուն, այլև տարածաշրջանում Իրանի դիրքերի ամրությունը ստուգելուն։ ԻԻՀ–ի կառավարության արձագանքը կոշտ էր և բավականին ցավոտ։
Թեև ակնհայտ է, որ Իրանի իշխանությունների դժգոհության պատճառը հենց Սյունիքում Ադրբեջանի գործողություններն էին, Թեհրանում ջանքեր գործադրեցին բացառելու համար հայկական թեմայի շահարկումը։ Ֆորմալ առումով Իրանի կողմից առաջ քաշած պահանջները որևէ առնչություն չունեին Հայաստանի հետ։ Դեմարշի համար առիթ էր հանդիսացել Ադրբեջանի Թուրքիայի և Պակիստանի համատեղ զորավարժությունների անցկացումը Բաքվում, ինչը չէր համաձայնեցվել Թեհրանի հետ, ինչպես նաև Իրանի հասցեին ադրբեջանցի իշխանամետ պատգամավորի ոչ կոռեկտ արտահայտությունները։
Իրանցի վարորդներին կալանավորելով՝ Ադրբեջանը հավանաբար կուլ է տվել հայկական խայծը
Թուրքական «Յենի Շաֆակ» թերթին տված հարցազրույցում «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցությունը ներկայացնող խորհրդարանականն իրեն թույլ էր տվել հայտարարել, որ Իրանը շուտով կվերանա աշխարհի քարտեզից։ Պատասխանը երկար չսպասեցրեց։ Ազդեցիկ քաղաքական գործիչ և աստվածաբան, այաթոլլա Սեիդ Հասան Ամելին, որն Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչն է Արդեբիլ ադրբեջանաբնակ սահմանամերձ նահանգում, ադրբեջանցի պատգամավորի համախոհներին անվանել էր արժանապատվությունը, պատիվը, ազատությունն ու սեփական արմատները վաճառած մարդիկ։ Ուղիղ եթերով հեռարձակվող ուրբաթօրյա քարոզի ժամանակ նա նաև հրապարակավ դիմել էր Իրանի ազգային անվտանգության խորհրդին` խնդրելով թույլատրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին Ադրբեջանի հետ սահմանի մոտ լայնածավալ զորավարժություններ անցկացնել հարևաններին ցույց տալու համար, որ առյուծի պոչի հետ չարժե խաղալ։
Դրանից անմիջապես հետո ծանր մարտական տեխնիկայի ավտոշարասյուները, այդ թվում` տանկեր, հրետանի և զենիթային համալիրներ, Ղազվինից շարժվեցին դեպի Ադրբեջանի ենթակայության տակ անցած Հորադիզից հարավ գտնվող սահմանամերձ Ասլանդուզ բնակավայր։ Հենց այնտեղ` հարթավայրային Ղարաբաղի հետ սահմանին, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումները լայնածավալ զորավարժություններ սկսեցին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Twitter–ի իր պաշտոնական էջում հայտարարություն տարածեց, որ եթե Արաքսի ափերը մեծ Իրանի թշնամիների համար բույն դառնան, Արաքսի ալիքները կխորտակեն ագրեսորների գահը։
Բաքվում իրանցիների կոշտ տոնն ի գիտություն ընդունեցին և պատասխանեցին նույն ոճով։
Ինչո՞ւ է Բաքուն փորձում հասնել այն բանին, որ օտարերկրացիներն Արցախ չայցելեն
«Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության պատգամավոր Էլման Մամեդովն իր հարցազրույցում հայտարարեց. «Իրանցիները կոչ են անում մեզ չխաղալ առյուծի պոչի հետ։ Մենք պարզապես կկտրենք այդ պոչը»։
Հետո խոսեց Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահ շեյխ–ուլ–իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն։ Պատգամավոր Մամեդովին կոռեկտության կոչ անելու փոխարեն Փաշազադեն հարձակվեց Սեիդ Հասան Ամելիի վրա և հայտարարեց, որ վերջինս չի ցանկանում նկատել անջատողականների վանդալիզմը։

«Հայտարարում ենք, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը` ազատելով սեփական հողերը։ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է», – ավելացրեց նա։

Միևնույն ժամանակ իրանցի այաթոլլան Ղարաբաղի մասին խոսք անգամ չէր ասել։ Փաշազադեն, ըստ էության, պարզապես լեզվի սայթաքում արեց` ակամայից հաստատելով, որ իրականում Ադրբեջանի և Իրանի առճակատումը կապված է Թեհրանի` ղարաբաղյան հարցի վերաբերյալ դիրքորոշման հետ։
Հատկանշական է, որ Փաշազադեն Սեիդ Հասան Ամելիին անվանեց «Արդեբիլի մզկիթի իմամ»։ Երևի որպեսզի նվազեցնի նրա հայտարարության կարևորությունը։ Միևնույն ժամանակ Ամելին ոչ միայն այաթոլլա է, այսինքն շիա կղերականների հիերարխիայի բարձրագույն տիտղոսակիր, այլև Արդեբիլ գավառում Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչը։ Այսինքն` Ամելին, ի տարբերություն Փաշազադեի, նաև քաղաքական և պետական գործիչ է։ Նրա հայտարարությունները պետք է ընկալել որպես անձամբ պետության ղեկավարի կողմից ուղարկվող ազդակներ։ Հենց սրանով է բացատրվում ուրբաթօրյա քարոզի ժամանակ այաթոլլայի ելույթի շեշտադրումների կարևորությունը։
Դիմակայությունը, որում ուղղակի կամ անուղղակի ձևով ներգրավված են քաղաքական գործիչները, դիվանագետները, զինվորականներն ու հոգևոր առաջնորդները, տարածվել է նաև տնտեսության վրա։ Բաքուն փաստորեն ազդանշան է ուղարկել առևտրային պատերազմ սկսելու պատրաստակամության մասին։
Պատմական չվերթ Բաքվի համար. Թուրքիան փակում է իր օդային սահմանը ՀՀ–ի համար, Հայաստանը` ոչ
Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պարենային անվտանգության գործակալությունն արգելել է մի քանի հարյուր տոննա իրանական կարտոֆիլ ներմուծել իր տարածք։ Իբր գերատեսչական լաբորատորիայի փորձագետները իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում կարտոֆիլի ցեցի թրթուրներ են հայտնաբերել մթերքում, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում մարդու համար։ Բավական հայտնի և վաղուց փորձված մեթոդ է։ Անգամ Բաքվում քչերն են կասկածում, որ փորձագետների եզրակացությունը քաղաքական դրդապատճառներ ունի։ Թեհրանն ամենայն հավանականությամբ համարժեք պատասխան կտա։
Վերջին օրերին կողմերը բավական ակտիվ դիվանագիտական ջանքեր են գործադրում, որպեսզի կանխեն դիմակայության անցումը ուժային փուլ։ Եռօրյա այցով Բաքվում էր Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Մուհամմեդ Սաջադփուրը:Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ նրա բանակցությունները որևէ արդյունք կարծես չտվեցին։ Ըստ ամենայնի, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Ջեյհուն Բայրամովի և Հուսեյն Ամիր Աբդուլահիյանի հանդիպումը, որը կայացավ ՄԱԿ–ի ԳՎ 76-րդ նստաշրջանի շրջանակում, նույնպես ավելի արդյունավետ չդարձավ։

Գիտակցելով սրվող հակամարտության հավանական հետևանքների ողջ լրջությունը իրանա–ադրբեջանական խորհրդակցություններին որպես միջնորդ միացան թուրքերը։ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն Նյու Յորքում իրանցի իր գործընկերոջ հետ քննարկեց ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ուղիները։ Միակ բանը, որի շուրջ հնարավոր եղավ պայմանավորվածություն ձեռք բերել, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպում անցկացնելն է։ Բանակցությունները կկայանան Թեհրանում, բայց թե երբ, հայտնի չէ։

Իրանցիների կոշտությունն ու հետևողականությունը թույլ է տալիս ենթադրել, որ նրանք մտադիր չեն զիջումների գնալ իրենց համար սկզբունքային հարցում։ Սա վերաբերում է ոչ միայն ձերբակալված երկու վարորդների ճակատագրին, այլև Թեհրանը Երևանի հետ կապող ավտոմայրուղին օգտագործելու իրանական տրանսպորտային ընկերությունների իրավունքին։ Հյուսիս–հարավ միջանցքի կարևոր օղակ հանդիսացող այս ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի։ Իրանն այդ ճանապարհից ոչ մի դեպքում չի հրաժարվի։ Ինչպես նաև չի հրաժարվի տարածաշրջանում ակտիվ քաղաքական ներկայությունից, որը միանշանակ բխում է Հայաստանի շահերից։