ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարարներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ հարթակներում Հայաստանի և Շվեդիայի միջև հաստատված համագործակցության խորացման հեռանկարներին։
Արարատ Միրզոյանը և Անն Լինդեն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։
Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը և ծառացած հումանիտար խնդիրները՝ շեշտելով, որ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության կարելի է հասնել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով` հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա:
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անվերապահ հայրենադարձման կարևորությունը։
Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիային ուղղված հստակ քայլերի իրականացումը։
Հիշեցնենք` 44–օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստան է վերադարձել 105 գերի։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։