44-օրյա պատերազմի ընթացքում և հետո զենքն ապօրինի Հայաստան բերելու համար 84 մեղադրյալ կա

Զենք
Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 25 քրեական գործ՝ 28 անձի վերաբերյալ։ 6 գործերով 8 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ, իսկ նրանցից 7-ի նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում կամ հրադադարից հետո զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ սարքերի ապօրինի ձեռքբերման, հափշտակության, Հայաստան փոխադրման բազմաթիվ դեպքերի առթիվ հարուցվել է 191 քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Քրեական գործերը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 238-րդ (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) հոդվածների տարբեր մասերի և դրանց համակցությունների հատկանիշներով:
Պարզվել է, որ պատերազմի օրերին, ինչպես նաև դրանից հետո զինամթերքը ՀՀ տարածք է փոխադրվել՝ հիմնականում թաքցվելով ավտոմեքենաներում։ Առանձին դեպքերում հանցավոր այդ գործողությունները կատարվել են խմբի կազմում՝ մի քանի անձանց նախնական համաձայնությամբ և գործակցությամբ:
Սառը զենք, գողության համար հետախուզվողներ. ուժեղացված ծառայության արդյունքները Գավառում
«Պատերազմի ընթացքում և դրանից անմիջապես հետո Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի տարբեր հատվածներում տեղակայված հսկիչ կետերում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից կատարված զննություններով, իսկ զգալի դեպքերում՝ հետագայում կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են հիմնականում տարբեր տեսակի ինքնաձիգներ, հրազեններ, գնդացիրներ, ատրճանակներ, սվին դանակներ, հակատանկային նռնականետեր, փամփուշտներ, պայթուցիչներ, նռնակներ, բազմաթիվ այլ առարկաներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցների, նաև բացատրական աշխատանքների արդյունքում զգալի դեպքերում քաղաքացիներն ինքնակամ հանձնել են իրենց հետ ռազմական գործողությունների գոտուց բերած զինամթերքը:
Առանձին գործեր միացվել են, նախաքննության փուլում է 82 քրեական գործ։
Արցախի պատերազմին կամավոր մեկնածները յուրացրել ու փորձել են վաճառել զենքեր. տեսանյութ
Մեղադրանք է առաջադրվել 84 անձի, որոնցից 8-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 25 քրեական գործ՝ 28 անձի վերաբերյալ, որոնցից 6-ով 8 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: Նրանցից 7-ի նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկումը:
Դատարանում շարունակվում է 19 անձի վերաբերյալ 18 քրեական գործի քննությունը:
ՊՆ զորամասի ծառայողները պատերազմի ընթացքում Արցախից Հայաստան ապօրինի զենք են տեղափոխել