Սեպտեմբերի 26-ին նախանշված ընդդիմության երթը դեպի Եռաբլուր բնականաբար կապված է արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի հետ և կարող է նոր պայքարի յուրատեսակ մեկնարկ դառնալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
"Երբ սկսում ես գործողությունների շարք, դրա համար պետք է լինի ինչ–որ առիթ, հակառակ դեպքում գործընթացը տրամաբանական չի լինի, ուստի քաղաքական պայքարի համար անհրաժեշտ է խթան, որպեսզի դրան միանան շատ մարդիկ։ "Հայաստան" դաշինքն ընտրել է պայքարի այդ տարբերակը, իսկ թե արդյո՞ք դրանից հետո կսկսվի փողոցային ակտիվ պայքարը, կախված է դաշինքի ղեկավարության վարքագծից։ Որ առիթները բազմաթիվ են, արդեն տեսանելի է անզեն աչքով` սկսած հոկտեմբերի 1–ից պարտադիր պատվաստումների որոշումից, վերջացրած պատերազմի հետևանքներով",– նշեց քաղտեխնոլոգը։
Բադալյանի կարծիքով` կարելի է առիթներն օգտագործել հավուր պատշաճի և զգայուն հարվածներ հասցնել իշխանությանը, իսկ թե որքանով դա կհաջողվի ընդդիմությանը, դեռ հարց է։
Ըստ նրա` ամբողջ աշխարհում քաղաքական ուժերն օգտագործում են պայքարի բոլոր հնարավոր միջոցները` խորհրդարանական ամբիոնը, ԱԺ պատվիրակությունների հարթակը, օրենսդրական գործունեությունը և արտախորհրդարանական պայքարը, որը հակասահմանադրական չէ` երթեր, ցույցեր, հանրահավաքներ, բայցևայնպես, պետք է գրագետ պայքարել` բարձրացնելով պայքարի որակը։
Անդրադառնալով այն հարցվին, թե արդյո՞ք ընդդիմությունն ավելի նպաստավոր պայմաններում չէր 2020 թվականին, արցախյան պատերազմից անմիջապես հետո, քաղտեխնոլոգն ընդգծեց, որ պայքարելու համար քաղաքական պահը երբեք կորսված չէ, թեև արցախյան պատերազմից հետո պայքարելն ավելի հեշտ էր, քանի որ թարմ էր զգացմունքայնությունը և ուժեղ էր կորստի ցավը, ինչը պայքարին նպաստող և այդ պայքարը խթանող հանգամանք էր, բայց, այդուհանդերձ, չհաջողվեց գործընթացը հասցնել ավարտին։
Բադալյանի համոզմամբ` թեև հիմա իրավիճակն այլ է, բայց անհրաժեշտ է գտնել այն գործոնները, որոնք մարդկանց վերստին կբերեն պայքարի։
Նշենք, որ ԱԺ փոխխոսնակ, "Հայաստան" խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է ընդդիմության կողմից փողոցային պայքարը վերսկսելու մասին։
«Միայն խորհրդարանական գործունեությամբ այն մարտահրավերները, սպառնալիքները, որոնց առջև մեր երկիրը կանգնած է, չենք կարող չեզոքացնել: Սեպտեմբերի 26-ին ունենք երթ, դրանից հետո կտեսնեք բազմաթիվ ակցիաներ և գործողություններ»,- ասել էր Սաղաթելյանը:
Ըստ պատգամավորի`սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը պլանավորված բազմաթիվ միջոցառումներ կան։