Որևէ հայ չի կարող ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում. Փաշինյան

ՀՀ վարչապետի խոսքով`Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները, Հայաստանի և հայ ժողովրդի դեմ տարվող ագրեսիվ ու վիրավորական հայտարարությունները շարունակաբար լարում են մթնոլորտը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ելույթ ունենալիս խոսել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման, Հայաստանի մի քանի տասնյակ քաղաքացիների գերության մեջ պահելու ու խոշտանգելու, Հայաստանի և հայ ժողովրդի դեմ ագրեսիվ հայտարարությունների մասին:

«Լեռնային Ղարաբաղի այն հատվածներում, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական էթնիկ զտման։ Ցավոք, միջազգային հանրությունն այս դեպքում ևս չկարողացավ կանխարգելել զանգվածային ոճրագործությունները։ Այսօր որևէ հայ չի ապրում և գործնականում չի կարող ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում»,–ասել է ՀՀ վարչապետը։

Նա նշել է, թե ինչպես են պատրաստվում իրականացնել Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու նպատակը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպասում է իր արդարացի կարգավորմանը. ՀՀ վարչապետ
«Երկխոսության, մեր տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամության մթնոլորտը քայլ առ քայլ հաղթահարելու միջոցով: Մենք գիտակցում ենք, որ ճանապարհը դժվարին և երկարատև է լինելու: Այսօր էլ, ցավոք, գրեթե ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց նպատակը խաղաղության օրակարգը դելեգիտիմիզացիայի ենթարկելն է, թշնամության մթնոլորտը ոչ միայն խորացնելը, այլև այն առավել համակարգված դարձնելը»,–նշել է Փաշինյանը։
Փաշինյանը ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայում խոսել է կոմունիկացիաների բացման կարևորության մասին
ՀՀ վարչապետի խոսքով`հրադադարի խախտումները, Հայաստանի և հայ ժողովրդի դեմ տարվող ագրեսիվ ու վիրավորական հայտարարությունները շարունակաբար լարում են մթնոլորտը:
Նա շեշտել է, որ խաղաղության օրակարգի դեմ ուղղված գործելակերպ է այն, որ չնայած նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի` Ադրբեջանը ոչ միայն գերության մեջ է պահում ՀՀ մի քանի տասնյակ քաղաքացիների, այլև նրանցից շատերին շինծու մեղադրանքներով դատապարտել է 6-ից մինչև 20 տարի ազատազրկման:

«Կան քաղաքացիներ, որոնց գերեվարված լինելու փաստը Ադրբեջանը մինչև օրս չի հաստատում, չնայած նրանց գերության մեջ լինելու մասին կան հստակ ապացույցներ: Սա առավել անընդունելի է դառնում այն ֆոնին, որ 2020 թվականի աշնանն ադրբեջանցի օգտատերերը հրապարակել են կոնկրետ հայ զինվորների գերեվարվելու տեսանյութեր, իսկ ավելի ուշ՝ հայտնաբերվել են այդ զինվորների գլխատված կամ գնդակահարված մարմինները: Մեր գերիների խոշտանգումների ենթարկելու մասին անհերքելի ապացույցներ ունենք»,–ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով`թշնամության մթնոլորտի խորացման աղաղակող օրինակ է Բաքվում բացված՝ այսպես կոչված ավարների պուրակը, որտեղ ադրբեջանցի դպրոցականներին էքսկուրսիաների են տանում` դիտելու գերեվարված, սպանված կամ արնաքամ լինող հայ զինվորների մանեկենները:
Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 14-ին Նյու Յորքում՝ կազմակերպության շտաբ-բնակարանում։ Ընդհանուր քննարկումները տեղի կունենան սեպտեմբերի 21-27-ը: Նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու է նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։