Ուսուցչի օրվա առթիվ լավագույն մանկավարժները կպարգևատրվեն 500.000–ական դրամով

Դպրոց (Սոթք). Արխիվային լուսանկար
2020 թվականին "Տարվա լավագույնները" մրցույթի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 58 մանկավարժի պարգևատրել էր դյուրակիր համակարգիչներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ուսուցչի օրվա առթիվ հանրակրթական ուսումնական հաստատությունների լավագույն մանկավարժները կպարգևատրվեն։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
«Նախատեսվում է պարգևատրել 22 հաղթող մասնակցի՝ յուրաքանչյուրին 500.000 ՀՀ դրամի չափով»,–նշված է հաղորդագրության մեջ։
«Հավատարի՛մ եղեք անցյալի ժառանգությանը». նախագահն ուղերձ է հղել աշակերտների, ուսուցիչներին
Նշենք, որ 2020 թվականին «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 58 մանկավարժի պարգևատրել էր դյուրակիր համակարգիչներով։ Նախարարությունը նպատակահարմար է գտել 2021 թվականին "Տարվա լավագույնները" մրցույթի արդյունքում հաղթող մասնակիցներին տրամադրել դրամական պարգև:
Նախարարությունը շեշտում է, որ դյուրակիր համակարգիչներով պարգևատրման փոխարինումը դրամական պարգևով պայմանավորված է մանկավարժներին իրենց աշխատանքի արդյունքում ձեռք բերած պարգևն առավել նպատակային և ըստ անհրաժեշտության տնօրինելու հնարավորություն ընձեռելու իրողությամբ։
Ո՞ր դեպքում և ո՞ր ուսուցիչները կստանան աշխատավարձի 30-50 %-ի չափով հավելավճար
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում ամրագրվել է՝ ներդնել ուսուցիչների մասնագիտական զարգացման տարբերակված քաղաքականություն՝ ըստ ուսուցիչների տարբեր խմբերի կարիքների՝ բոլոր ուսուցիչներին հնարավորություն ընձեռելով ունենալ առնվազն աշխատավարձի 30-50 տոկոս բարձրացում, ամբողջությամբ վերանայել մանկավարժական կրթության համակարգը՝ երիտասարդների շրջանում ուսուցչի մասնագիտությունը դարձնելով պահանջված, հեղինակավոր և արդիական։