Պատվաստված քաղաքացիներից 286-ը վարակվել են կորոնավիրուսով, 38-ը հիվանդանոցում են

ՀՀ առողջապահության նախարարը վստահեցրեց` պատվաստված քաղաքացիները հիվանդությունն ավելի թեթև են տանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Այս պահին COVID-ով հիվանդ պացիենտների բուժման համար 18 հիվանդանոցում ծավալված են 2156 մահճակալ, որից զբաղված են 2006–ը։ Այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` հավելելով, որ 2006 հոսպիտալային բուժում ստացող քաղաքացիներից միայն 38-ն են պատվաստված։

«Այս քաղաքացիները հիվանդությունը տանում են ավելի թեթև, հոսպիտալացված են, որովհետև ունեն քրոնիկ հիվանդություններ»,– ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով` Հայաստանում պատվաստվող քաղաքացիների թիվը շեշտակի ավելացել է. սեպտեմբերի 22-ին կատարվել էր 9924 պատվաստում, իսկ երեկ` սեպտեմբերի 23-ին` 8 440։
«Սա նշանակում է, որ մեր քաղաքացիների մոտ պատվաստումների նկատմամբ վստահության բարձրացման մեծ փոփոխություն կա։ Մարդիկ տեսնում են, որ իրականացված 385 503 պատվաստումների արդյունքում որևէ խնդիր մենք չունենք։ Պատվաստումներն արդյունավետ են, անվտանգ և պաշտպանում են մեզ COVID-ով պայմանավորված մահերից ու առողջությանը ծանր վնաս հասցնելուց»,– ասաց նա։
Ավանեսյանն անդրադարձավ նաև պատվաստված քաղաքացիների վարակման դեպքերին։ Ըստ նախարարի` այսօր հիվանդ 11 470 քաղաքացիներից 286–ը պատվաստված են։
Փաշինյանը հանձնարարել է ապահովել նոր հրամանի կիրարկումը
«Սա շատ բնական է, նորմալ է, որ պատվաստումը, այո, 100 տոկոսով չի բացառում վարակման ռիսկը, այլ շեշտակի նվազեցնում է։ Բայց ամենակարևորը` պատվաստված քաղաքացիները հիվանդությունը տանում են ավելի թեթև»,– վստահեցրեց նախարարը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համադրելով առողջապահության նախարարի ներկայացրած վիճակագրությունը նշեց, որ պատվաստումը 98.5 տոկոսով պաշտպանում է վարակից։
«Ես հասկանում եմ, որ պատվաստվածների դեպքում վարակվածության տոկոսը ավելի ցածր է, քան կրկնավարակների դեպքերը։ Պատվաստումը կրկնակի վարակման դեպքերից պաշտպանում է 97.5 տոկոսով, իսկ հոսպիտալացումից 98.5 տոկոսով»,– ասաց Փաշինյանը։
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 939-ով և դարձել 255 648: