ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում կարևորել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը և ընդգծել, որ դրա արդյունքում տարածաշրջանի երկրները փոխկապակցված կլինեն տրանսպորտային զարկերակներով:
«Այս իմաստով չափազանց կարևոր եմ համարում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, ինչի մասին ասված է Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում: Այս կարևորագույն խնդրի լուծման արդյունքում տարածաշրջանի երկրները փոխկապակցված կլինեն տրանսպորտային զարկերակներով»,- իր ելույթում նշել է Փաշինյանը:
Նրա խոսքով`հնարավորություն կստեղծվի տնտեսական կապերի ձևավորման համար, ինչը խաղաղ զարգացման կարևոր նախապայմաններից է։
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ ճանապարհների վերաբացման թեման ուսումնասիրելիս պարզել են, որ տարբերակներ կան, որոնք տարածաշրջանային մեկուսացման և թշնամության մթնոլորտի արձանագրման նպատակ ունեն, բայց կան նաև այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը և թշնամության մթնոլորտի քայլ առ քայլ հաղթահարման միջոց կարող են դառնալ:
«Մենք հենց այս վերջին տարբերակի կողմնակից ենք», -ընդգծել է Փաշինյանը:
Վարչապետի կարծիքով՝ եթե բացվի նաև Թուրքիան Հայաստանին կապող երկաթուղին, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման շատ ավելի մեծ մասշտաբներ կունենա:
Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 14-ին Նյու Յորքում՝ կազմակերպության շտաբ-բնակարանում։ Ընդհանուր քննարկումները տեղի կունենան սեպտեմբերի 21-27-ը: Նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու է նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։