Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Աթոյանցի մահվան կապակցությամբ

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ օպերատորների մի քանի սերունդ պրոֆեսիոնալ հմտությունները ձեռք է բերել Լևոն Աթոյանցի ջանքերի, անշահախնդիր նվիրման շնորհիվ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի կինոօպերատոր Լևոն Աթոյանցի մահվան կապակցությամբ: Հեռագիրը հրապարակվել է վարչապետի պաշտոնական կայքում։
«Անգնահատելի է պարոն Աթոյանցի ավանդը հայ կինոարտադրության զարգացման, մասնավորապես, «Հայֆիլմ» կինոստուդիայի բեղմնավոր գործունեության մեջ: Անվանի կինոօպերատորի նկարահանած մի քանի տասնյակ ֆիլմերը, որոնց թվում են «Հեղնար աղբյուրը», «Խոշոր շահումը», «Ավդոյի ավտոմեքենան», «Զինվորն ու փիղը», «Քաոս» հայ կինոարվեստի հարուստ ժառանգության նշանակալի մասն են",–նշել է Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ Աթոյանցի ստեղծագործական գործունեությունը կապված է եղել հայ կինոյի այնպիսի անվանի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Արման Մանարյանը, Ալբերտ Մկրտչյանը, Առնոլդ Աղաբաբովը, Դմիտրի Քեոսայանը, Հենրիխ Մարգարյանը և այլք:
Այդ համագործակցության արդյունքում էլ կերտվել է հայկական կինոյի հարուստ ժառանգության մի նշանակալի մասը:
71 տարեկան հասակում մահացել է թարգմանիչ, դիվանագետ Համլետ Գասպարյանը
«Օպերատորների մի քանի սերունդ պրոֆեսիոնալ հմտությունները ձեռք է բերել նրա ջանքերի, գործին անշահախնդիր նվիրման շնորհիվ: Լևոն Աթոյանցը մեր հուշերում կմնա որպես պրոֆեսիոնալի, արժանապատիվ քաղաքացու ու մտավորականի օրինակելի կերպար: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում նրա ընտանիքին, գործընկերներին, հայկական կինոյի ներկայացուցիչներին և կիսում նրանց վիշտը»,–նշել է վարչապետը:
Նշենք, որ այսօր կյանքի 91–րդ տարում մահացել է հայտնի կինոօպերատոր Լևոն Աթոյանցը։
Լևոն Աթոյանցին 2020թ.–ին 90–ամյակի կապակցությամբ այն ժամանակվա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պարգևատրեց Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշանով։ Նա նաև պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» ոսկե մեդալով: