ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում նշեց, որ Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության, որը պետք է հանգեցնի տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատմանը:
«Այս առումով` մենք առաջարկում ենք օր առաջ ավարտին հասցնել ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձի գործընթացը:Անհրաժեշտ է նաև վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»,–ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով`աներկբա է, որ ուժի կիրառման միջոցով ստեղծված իրավիճակը միջազգային իրավունքի տեսանկյունից չի կարող լեգիտիմություն ստանալ։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով, և հակամարտությունը չի կարող լուծված համարվել ուժի կիրառման արդյունքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպասում է իր արդարացի կարգավորմանը: Դա են փաստում նաև համանախագահող պետությունների հայտարարությունները, որոնք ընդգծում են հայտնի սկզբունքների հիման վրա բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտությունը»,–ասել է ՀՀ վարչապետը:
Հայաստանի ղեկավարը հույս է հայտնել, որ համանախագահների միջնորդությամբ իրականացվող շփումները կողմերին հնարավորություն կտան գտնել ընդհանուր եզրեր և ասպարեզ բացել բազմաթիվ կնճռոտ հարցերի պատասխանները գտնելու համար:
«Հաջորդը՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հարցն է: Ցավով պետք է արձանագրեմ, որ դժվար է պատկերացնել սահմանագծման գործընթացը այն պայմաններում, երբ գրեթե ամենօրյա պարբերականությամբ հայ-ադրբեջանական սահմանին հնչում են կրակոցներ և տեղի են ունենում տարաբնույթ սադրանքներ, այն պայմաններում, երբ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ս/թ մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք»,–ասել է նա:
Փաշինյանը հիշեցրել է, որ իրավիճակից դուրս գալու համար հայակական կողմն առաջարկել է` նշված հատվածում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի զինված ուժերը հայելային եղանակով հետ քաշվեն խորհրդային ժամանակներից ժառանգված սահմանագծից, այդ սահմանագծի երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ և նոր միայն սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ ընթանան:
«Մենք այս առաջարկը պատրաստ ենք կյանքի կոչել ցանկացած պահի։ Մենք հավատարիմ ենք կառուցողական և ներառական երկխոսությանը մեր բոլոր գործընկերների հետ»,–ասել է նա:
Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 14-ին Նյու Յորքում՝ կազմակերպության շտաբ-բնակարանում։ Ընդհանուր քննարկումները տեղի կունենան սեպտեմբերի 21-27-ը: Նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու է նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։