ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. «Հրապարակ» օրաթերթն անդրադարձել է Անկախության 30–ամյակին նվիրված համերգին և ներկայացրել հրավեր ստացած, բայց մասնակցությունից հրաժարված արտիստներին։ Թերթի տվյալներով` նախնական սցենարով համերգին պիտի մասնակցեին նաև ամերիկահայ երգիչ Սերժ Թանկյանն իր խմբով, Արթուր Մեսչյանը, Ռուբեն Հախվերդյանն ու Հայաստանի փոքրիկ երգիչները։
«Անկախության տոնի համերգը նախապես լրիվ այլ ծրագրով էր լինելու` իսկապես «գունագեղ» և «տաշի-տուշի» ոճի մեջ: Սակայն, մի կողմից, հանրային ընդվզումը, մյուս կողմից՝ կատարողներից շատերի՝ մասնակցությունից հրաժարվելը փոխել են կազմակերպիչների ծրագրերը: Ընդ որում, համերգի նախնական սցենարը կազմվել է դեռևս օգոստոսի սկզբին»,–գրում է թերթը:
Նշվում է, որ «Դոմինո փրոդաքշնի» ներկայացուցիչները մի շքեղ, գունավոր պորտֆոլիո են սարքել և այցելել հավանական մասնակիցներին` ներկայացնելով իրենց առաջարկը: Ըստ նախնական ծրագրի` տոնակատարությանը պետք է մասնակցեին Սերժ Թանկյանը` իր խմբով, Արթուր Մեսչյանը, Ռուբեն Հախվերդյանը, Տիգրան Հեքեքյանի «Փոքրիկ երգիչները»: Սակայն մի քանի օր անց պարզվել է, որ Թանկյանի խումբը չի գալու:
Թանկյանը խոստացել է գոնե մենակ գալ, հետո ասել է, որ մենակ էլ չի կարող: Մասնակցելուց հրաժարվել է նաև Մեսչյանը` պատճառաբանելով, թե ձայնը լավ վիճակում չէ: Հեքեքյանը հենց տեղում մերժել է առաջարկը: Հախվերդյանը շատ ավելի ուշ է փոշմանել:
«Որոշվել է դասական երաժշտությամբ ու տեխնիկական էֆեկտներով լրացնել հայտնի անձանց բացակայությունը: Սակայն, այնուամենայնիվ, պարզ չէ, թե 2 միլիոն դոլարից ավելի գումարն ինչի վրա է ծախսվել, և ով է հատկացրել, եթե ճիշտ են այն պնդումները, թե պետբյուջեից չէ»,-գրում է թերթը։
Փաշինյանը ներողություն խնդրեց "գունագեղ միջոցառում` զոհերի հիշատակին" արտահայտության համար
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նշենք, որ սեպտեմբերի 21–ին Երևանի Հանրապետության հրապարակում մեծ համերգ–շոու տեղի ունեցավ` նվիրված Հայաստանի անկախության 30–ամյակին։ Մինչ այդ, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «գունագեղ» շոու է լինելու` նվիրված զոհերի հիշատակին։ Այս արտահայտությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել։ Շատերը, հատկապես զոհվածների հարազատները, պահանջում էին չեղարկել միջոցառումը։
Նույն օրը, ժամը 18։000–ին, Ազատության հրապարակից «5165» կուսակցության ղեկավար, Արցախյան պատերազմում որդի կորցրած Կարին Տոնոյանի կազմակերպմամբ երթ տեղի ունեցավ դեպի Եռաբլուր։