ՌԱԴԻՈ

Ի՞նչ էր ուզում ցույց տալ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից. մեկնաբանում է ադրբեջանագետը

Ադրբեջանագետ, նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած ուղերձներն ուղղված էին ոչ միայն Հայաստանին, այլև տարածաշրջանի մյուս խաղացողներին։
Sputnik
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից փորձում էր արդարացնել արցախյան վերջին պատերազմում իրականացրած ագրեսիան ու պատերազմական հանցագործությունները և դրանք ներկայացնել որպես խնդրի լուծման միջոց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ, նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։
Նրա խոսքով` Բաքվի բռնապետը հաղթանակի էյֆորիայի ազդեցության տակ միջազգային բարձր ամբիոնից հնչեցրեց նաև ադրբեջանական նկրտումների և տարածքային հավակնությունների մասին` կարևորելով «միջանցքի»անհրաժեշտությունն ադրբեջանաթուրքական տանդեմի համար։

"Ի թիվս բազմաթիվ կեղծ հայտարարությունների` Ալիևը փորձեց ներկայացնել նաև, որ Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանում թելադրող ենք և պետք է հաշվի նստել դրա հետ",- ասաց նա։

Հայրապետյանի կարծիքով` սպառնալիքի հռետորաբանությամբ արված հայտարարությունն ուղղված էր ոչ միայն Հայաստանին, այլև տարածաշրջանային մյուս խաղացողներին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում հայտարարել է` հակամարտությունն ավարտված է, և Ադրբեջանն արդեն ասել է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին` սահմանազատման և սահմանագծման, 2 երկրների տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա:
Նա Հայաստանին «հորդորել» է ընտրություն կատարել համագործակցության և տարածքային պահանջների միջև։