ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Տարածաշրջանում խաղաղության դարաշրջան սկսելու շրջանակներում Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները Թուրքիայի հետ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Այդ կարգավորումը պետք է լինի աստիճանական, և մենք համոզված ենք, որ այդ հարաբերությունների կարգավորման հնարավորություններից մեկը նաև բարձր ու բարձրագույն մակարդակում երկխոսություն ունենալն է»,– ասաց Գրիգորյանը` հիշեցնելով, որ Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման։
Նրա խոսքով` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների ու Ադրբեջանի հետ հարաբերություններից տարանջատված։
Իսկ ԼՂ խնդրի կարգավորման միակ հարթակն, ըստ նրա, ԵԱՀԿ Մինսկի խումբն է։
Հիշեցնենք` սեպտեմբերի 19-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով հանդիպման առաջարկ է արել իրեն:
Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարելիք այցից առաջ կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ Վրաստանի վարչապետն իրեն է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանդիպում անցկացնելու առաջարկը:
Թուրքիայի նախագահը հավելել է, որ եթե Փաշինյանը ցանկանում է հանդիպել իր հետ, ապա Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի: