ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանից Ռուսաստան առաքանիների քանակն ավելացել է 203 տոկոսով։ Տեղեկությունը հայտնում են «Հայփոստի» մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ Ռուսաստանի փոստի միջոցով Հայաստան առաքանիների թիվն անցյալ տարում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 90 տոկոսով։ Նշված ամբողջ ժամանակահատվածում ընկերությունն առաքել է ավելի քան 36 000 առաքանի։
«Դեպի Հայաստան արտահանման ընդհանուր ծավալներում աճի ամենաարագ տեմպով աչքի են ընկնում ծանրոցները։ Մեկ տարվա ընթացքում դրանց քանակն ավելացել է գրեթե 5 անգամ՝ 4600-ից հասնելով 22 200-ի։ Հայաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցների և մանր կապոցների թիվն ավելացել է 3 անգամ՝ հասնելով 29 000-ի։ Հայաստանից Ռուսաստան առաքումների ընդհանուր ծավալներն աճել են 8 անգամ՝ 15 տոննայից հասնելով 126 տոննայի։ Հատկապես խոշոր աճ է նկատվում ծանրոցների/կապոցների ծավալներում․ դրանք ավելացել են 10 անգամ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Երկրների միջև ապրանքափոխանակությունը մեծացնելու նպատակով Ռուսաստանի փոստը և Հայփոստը համաձայնության են եկել Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ առաքման սակագների գրեթե եռապատիկ նվազեցման մասին։
Մասնավորապես, 2020 թվականի դեկտեմբերից "Երկու մայրաքաղաքների սակագների" համաձայն ուղարկված մինչև 1 կգ քաշով ծանրոցների առաքումը Ռուսաստանից Հայաստան և Հայաստանից Մոսկվա ու Մոսկվայի մարզ արժե 420 ՌԴ ռուբլի՝ ԱԱՀ-ն ներառյալ (2950 դրամ)։ Յուրաքանչյուր լրացուցիչ կիլոգրամի համար հավելավճարը կազմում է 180 ՌԴ ռուբլի (1250 դրամ)։ Հայաստանից Ռուսաստանի մյուս բոլոր մարզեր առաքումն արժե 860 ռուբլի (6000 դրամ) մինչև 1 կգ․ քաշով ծանրոցների դեպքում և 215 ռուբլի (1500 դրամ) յուրաքանչյուր լրացուցիչ կիլոգրամի համար։"
Հայփոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը նշել է, որ երկու ընկերությունների միջև համագործակցությունը մեծ տեմպերով է զարգանում։
«Ակնհայտ է, որ մեր փոխհարաբերությունների ներուժը սպառված չէ, ինչի մասին է վկայում հայկական ապրանքների արտահանման շարունակական աճը դեպի ռուսական շուկա: Մենք ակնկալում ենք աճ նաև վաճառքների ոլորտում՝ ռուսական կոմերցիոն հարթակների հետ համագործակցության շրջանակներում, ինչպիսիք են Օզոնը, Wildberries-ը, AliExpress-ը, որոնք Ռուսաստանի փոստի միջոցով ապրանքներ են ուղարկում Հայաստան»,– նշել է Կարապետյանը։
Նշենք, որ ներկայում Ռուսաստանի փոստն իրականացնում է մանրածախ արտահանվող առաքումների ընդհանուր քանակի ավելի քան 25%-ը և հեռավոր արտասահման արտահանողների բոլոր առաքումների 90%-ը։ 2021 թ․ առաջին կիսամյակի արդյունքների համաձայն՝ փոքր և միջին բիզնեսներից ստացված արտահանումների ծավալը 2020 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23%-ով։