ԱԺ-ն ընդունեց համայնքների խոշորացման մասին օրենքի նախագիծը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ազգային ժողովը քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթ։ Ըստ այդմ` Հայաստանը կունենա 78 համայնք, որոնցից 71-ը՝ միավորված:
Նախատեսվում է խոշորացնել Արագածոտնի մարզի 69, Արարատի մարզի 105, Արմավիրի մարզի 82, Գեղարքունիքի մարզի 62, Լոռու մարզի 43, Կոտայքի մարզի 30, Շիրակի մարզի 40, Վայոց Ձորի մարզի 5, Տավուշի մարզի 3 համայնքներ։
Գեղամասար համայնքի խոշորացման ծրագիրը քաղաքական ենթատեքստ ունի. Հակոբ Ավետյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ ԱԺ–ում խոսել էր համայնքների խոշորացման մասին և ասել` տարիների փորձը ցույց է տալիս, որ լրջագույն խնդիրներ են առաջանում համայնքի բնակչության 3000-ից քիչ լինելու դեպքում:
Ըստ նախարարի` խոշորացումը կնպաստի, որ սահմանամերձ համայնքները չդատարկվեն և հնարավորություն կտա, որ բոլոր երեխաները, անկախ նրանից` մեծ համայնքում են բնակվում, թե փոքր, ունենան այն բոլոր հնարավորությունները, որոնք ունեն իրենց հասակակիցները:
Ընդդիմադիրները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը. համայնքների խոշորացման հարցով նախագահին կդիմեն
Փոփոխությունների հաստատումից հետո կնշանակվեն համայնքի ավագանու նոր` արտահերթ ընտրություններ։ ԿԸՀ որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։