Արարատ Միրզոյանը հանդիպել է ԿԽՄԿ նախագահի հետ. ինչ հարցեր է առաջ քաշել նախարարը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը նշել է, որ կարևորում է Հայաստանում և Արցախում ԿԽՄԿ–ի ծավալած գործունեությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հետ։ Տեղեկությունը հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը նշել է, որ կարևորում է Հայաստանում և Արցախում ԿԽՄԿ ծավալած գործունեությունը։

ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքներին, Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին, հայ գերիներին առանց նախապայմանների և անհապաղ ազատ արձակման խնդրին։

Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը, խախտելով Ժնևի կոնվենցիայի դրույթները և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, շարունակում է թաքցնել գերիների իրական թիվն ու նրանց պահման վայրերը, արհեստական խոչընդոտներ է ստեղծում վերջիններիս վերադարձի հարցում՝ քաղաքականացնելով հումանիտար խնդիրները:
ԱՄՆ Կոնգրեսը պահանջում է ազատ արձակել հայ գերիներին․ նախագիծ է ընդունվել
Արարատ Միրզոյանը նշել է նաև, որ Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար արհեստական խոչընդոտներ չպետք է ստեղծվեն։ ԿԽՄԿ նախագահն իր հերթին տեղեկացրել է կազմակերպության կողմից կատարվող աշխատանքների մասին։
Հիշեցնենք` 44–օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստան է վերադարձել 105 գերի։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։
Թաթոյանը մանրամասներ ներկայացրեց Ադրբեջանում պահվող գերիների հանդեպ դաժան վերաբերմունքից