ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում հայտարարել է` հակամարտությունն ավարտված է, և Ադրբեջանն արդեն ասել է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին` սահմանազատման և սահմանագծման, 2 երկրների տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա:
«Խաղաղության համաձայնագիրը կարող է խաղաղության և համագործակցության տարածաշրջանի վերածել մեր տարածաշրջանը։ Սակայն մենք դեռ չենք տեսնում Հայաստանի դրական արձագանքը մեր առաջարկին»,–իր ելույթում ասել է Ալիևը։
Նա Հայաստանին «հորդորել» է ընտրություն կատարել համագործակցության և տարածքային պահանջների միջև։
Ալիևի խոսքով` Զանգեզուրի միջանցքը, որն Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ, նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի համար:
Հիշեցնենք, որ օգոստոսին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` հայտարարել էր` Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքելու որևէ առաջարկ չի ստացել։ Ավելին, ինչպես նա, այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել են` ՀՀ–ն պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին, իսկ ահա Ադրբեջանն այս պահին պատրաստ չէ դրան։