ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Կալանավայրերում դժգոհություն է հասունանում իշխանությունների դեմ. կալանավորների մեծ մասը սպասումներ է ունեցել, որ անկախության 30-ամյակին համաներում կհայտարարվի, սակայն դա տեղի չի ունեցել: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Ինչպես գիտենք` այդ օրը, հատկապես հոբելյանական տարիներին, դա արվել է, և շատ դատապարտյալներ դրանից շահել են, ինչն այս տարի տեղի չունեցավ:
Թերթի մեկնաբանմամբ` բանն այն է, որ այստեղ ևս իրավիճակ է փոխվել. եթե նախկինում քաղաքական իշխանությունը համաներումը սեփական շահին էր ծառայեցնում և գործարք առաջարկում կալանավորված հեղինակություններին՝ համաներվելու դեպքում իշխանության շահը պաշտպանել, ընտրություններին հօգուտ իշխանության աշխատել, այժմ դրա կարիքը չկա:
«Իսկ պատերազմից հետո էլ կալանավորների մեծ մասը Նիկոլ Փաշինյանին և գործող իշխանություններին դեմ է: Մանավանդ հեղինակությունների շրջանում տաբու է դրված` հող ու զոհ տվածների կողքին կանգնելու առումով»,– գրում է «Հրապարակը»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ` սեպտեմբերի 21–ին, ՀՀ–ն նշեց Անկախության 30–ամյա հոբելյանը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը (99%) արտահայտվեց անկախ պետականություն կերտելու օգտին։
Քվեարկությանը մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 95 տոկոսը։ Երկու օր անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը հաստատեց ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու որոշումը։