ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, ինքնակամ ներկայացել է քննչական կոմիտե։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
Թադևոսյանը հավելեց` Պողոսյանը տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
«Այս պահին քննչական գործողություններ են կատարվում նրա նկատմամբ, որից հետո նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան»,–ասաց Թադևոսյանը։
Հիշեցնենք, որ Կարեն Պողոսյանը սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու հոդվածներով ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։
Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով մոտակա շենքերի բնակիչների նկատմամբ, կրակոցներ էին արձակել Գորիս քաղաքի երկու բնակիչների ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ զինված միջադեպին մասնակցել է նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Սուրիկ Խաչատրյանի որդին որևէ կարգավիճակ չունի այս գործով։