ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. «Ռոսիա սեգոդնյայի» ու RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը շոյված է ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցուցակում ընդգրկվելու փաստից: Նա այդ մասին ասել է ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կանոնակարգի կոմիտեն հավանություն է տվել օրինագծին, որը խորհուրդ է տալիս պատժամիջոցներ սահմանել 35 ռուս պաշտոնյաների, գործարարների ու լրագրողների դեմ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, առնչություն ունեն մարդու իրավունքների խախտումների հետ:
«Շոյված եմ։ Մեր ժամանակներում նույնիսկ ամոթ էլ է, որ պարկեշտ մարդը պատժամիջոցների տակ չլինի։ Առավել ևս՝ հիանալի ընկերակցությամբ։ Հրավիրում եմ գործընկերներիս միասին նշել հայրենիքի հանդեպ ունեցած վաստակի այս միջազգային ճանաչումը», - ասել է Սիմոնյանը:
Ցուցակի առանցքային անձինք են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Ռոսգվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը, ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Բացի այդ, ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների թիրախում կարող են հայտնվել գործարարներ Ռոման Աբրամովիչը, "Ռոսնեֆտի" ղեկավար Իգոր Սեչինը։
Օրինագիծը ներկայացվել է որպես երկրի 2022 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագծի ուղղում։ Այն պետք է դեռ ԱՄՆ Կոնգրեսի ամբողջական կազմի հավանությանն արժանանա և նույնիսկ այդ ժամանակ խորհրդատվական բնույթ կունենա։ Պատժամիջոցների սահմանումը մնում է ամերիկյան վարչակազմի հայեցողությանը։