Պատվաստանյութերն անհրաժեշտ կլինիկական փորձարկում չեն անցել. Արա Զոհրաբյան

Արա Զոհրաբյան
ՀՀ փաստաբանները կձևավորվեն անվճար իրավաբանական խմբեր, որոնք կպաշտպանեն քաղաքացիներին` առողջապահության նախարարի խախտման հիմքով աշխատանքից հեռացվելու դեպքերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ այսօր աշխարհում կիրառվող պատվաստանյութերն անհրաժեշտ կլինիկական փորձարկում չեն անցել։ Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումներին նվիրված քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստվածների թիվը դեռ չի հասել բնակչության 10 տոկոսին
"Այս պատվաստանյութերը չեն անցել պատշաճ կլինիկական փորձարկում, որը ենթադրում է 5 տարի ժամանակ։ Այն սկզբից կենդանիների վրա է փորձարկվում, ապա մարդկանց որոշակի խմբի, հետո ավելի մեծ թվով մարդկանց և դրանից հետո արդեն հանձնվում է ընդհանուր կիրառության։ Այս ժամանակը չի անցել, նույնիսկ երկու տարի դեռ չի անցել",– ասաց Զոհրաբյանը,– ես որպես իրավաբան, կարծում եմ, որ այս պահին հանրությունն է դարձել անուղղակի պատվաստումների օբյեկտ։ Իսկ Սահմանադրության 25-րդ հոդվածն արգելում է անձին ենթարկել բժշկական փորձի` առանց իր համաձայնության"։

Արա Զոհրաբյանը նաև նշեց, որ պատվաստվելն ու պարբերաբար ՊՇՌ թեստ հանձնելը համարվում են բժշկական միջամտություն, իսկ բժշկական միջամտությունից քաղաքացին օրենքով իրավունք ունի հրաժարվել։

«Բայց ստացվում է, որ այսօր պետությունը` առողջապահության նախարարի դեմքով, այնպիսի սահմանափակումներ է դրել, որ քաղաքացուն ստիպում է գնալ բժշկական միջամտության` կա՛մ պատվաստվելու, կա՛մ ՊՇՌ թեստ հանձնելու ձևով»,– ասաց Զոհրաբյանը։
Բացի այդ, առողջապահության նախարարի հրամանը, Արա Զոհրաբյանի մեկնաբանմամբ, նաև Աշխատանքային օրենսգրքի խախտում է, քանի որ գործատուն իրավունք չունի արգելել աշխատողի մուտքը աշխատավայր, եթե վերջինը չի ներկայացնում պատվաստման կամ ՊՇՌ հետազոտության մասին տեղեկանք։
Հայաստանյան հիվանդանոցներում COVID-19–ով վարակված մեծ թվով հղի կանայք կան. նախարար
«Աշխատանքային օրենսգրքի 108 հոդվածը աշխատավայր չթողնելու սահմանափակ դեպքեր է տալիս` թմրամիջոցների ազդեցության, խմիչքի ազդեցություն, և ասում է` օրենքով նախատեսված այլ դեպքերում»,– ասաց Զոհրաբյանը։
Հիշեցնենք` օրերս Sputnik Արմենիային տված հարցազրույցում Արա Զոհրաբյանը հայտարարել էր, որ փաստաբանները վիճարկելու են առողջապահության նախարարի հրամանը վարչական դատարանում` խնդրելով կասեցնել հրամանի գործողությունը։ Իսկ եթե արդյունք չլինի, ապա կձևավորվեն անվճար իրավաբանական օգնություն ցույց տվող մասնագիտական խմբեր, որոնք կպաշտպանեն քաղաքացիներին։
Պատվաստումը վարակվելու ռիսկը չի բացառում. ՀՀ առողջապահության նախարար
Եթե նրանց հեռացնեն աշխատանքից, ապա նրանց իրավունքների պաշտպանության հայցով կդիմեն դատարան և եթե նրանց նկատմամբ կիրառվի վարչական տույժ, ապա վարչական մարմինների տույժերը նույնպես կվիճարկվեն դատական կարգով։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի համաձայն` ս.թ. հոկտեմբերի 1-ից ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ` COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ փաստաթուղթ։ Նախարարի այս որոշումը բուռն քննարկման թեմա է դարձել հանրության շրջանում։