ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 1-ից կորոնավիրուսի դեմ պատվաստվելու կամ ՊՇՌ թեստ հանձնելու պարտադիր պահանջ սահմանող առողջապահության նախարարի հրամանը չպատվաստված քաղաքացիների նկատմամբ պատժիչ քաղաքականության դրսևորում չէ:
Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումներին նվիրված քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
«Կարծում եմ, որ թե՛ առողջապահության նախարարի հրամանը, և թե՛ այն նախագիծը, որ շրջանառվել է e-draft-ում ո՛չ պատժիչ քաղաքականության դրսևորում է, ո՛չ էլ այնտեղ գրված է, թե որևէ մեկին կարող է իր կամքին հակառակ որևէ նյութ ներարկվել»,– ասաց փոխնախարարը։
Գրիգորյանի ձևակերպմամբ` այն բոլոր սահմանափակումները, որոնք կառավարությունը կիրառում է ու նախատեսում է կիրառել հոկտեմբերի 1-ից` հանրային առողջության շահերից են բխում, իրավաչափ են ու չեն խախտում ՀՀ քաղաքացու որևէ իրավունք։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից Հայաստանում, եթե աշխատողները պատվաստված չլինեն, պետք է 14 օրը մեկ թեստավորվեն և թեստի բացասական պատասխան ներկայացնեն իրենց գործատուներին: