ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Երևան քաղաքի 39-ամյա բնակչի կողմից համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:
Ըստ ՔԿ–ի տարածած հաղորդագրության` քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. ապրիլ և մայիս ամիսներին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գործող ավտոտեխսպասարկման կետի մոտ 39-ամյա տղամարդը վիճաբանել է 27-ամյա երիտասարդի հետ:
Մայիսի 25-ին 39-ամյա տղամարդը իրեն պատկանող «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղից մինչև Երևան քաղաքի Արտաշատի խճուղի հետապնդել է երիտասարդին պատկանող և նրա վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան։
Ժամը 18:30-ի սահմաններում նա իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենով երկու կրակոց է արձակել 27-ամյա երիտասարդի ուղղությամբ: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ երիտասարդն ավտոմեքենայով հեռացել է։
Նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, նա կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներով դիմել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևան քաղաքի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ, անօրինական զենքի կրում)։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: