ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափ ստացել է` 244 374, երկրորդ դեղաչափ` 133 031 մարդ։ Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումներին նվիրված քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Թե պատվաստված անձանցից քանիսն են եղել ՀՀ քաղաքացիներ ու քանիսը` օտարերկրացիներ, Անահիտ Ավանեսյանը չպատասխանեց։
«Պատվաստումների արդյունքում մեր բնակչության ինունիտետի շերտի հետ կապված դեռ վաղ է եզրահանգումներ անել, որովհետև մեզ մոտ պատվաստումների ցուցանիշը դեռ շատ ցածր է։ Մենք տեսնում ենք, որ այն երկրներում, որտեղ 70-80 տոկոս պատվաստումներ են իրականացվել, վարակման դեպքեր շարունակում են գրանցվել, բայց հոսպիտալացման, ծայրահեղ ծանր ընթացքի դինամիկան շեշտակի, կտրուկ կերպով փոխվել է»,– ասաց Ավանեսյանը` որպես օրինակ նշելով Սինգապուրը, որի բնակչության 80 տոկոսը, նրա խոսքով, պատվաստված է։
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 939-ով և դարձել 255 648:
Առողջացել են վարակվածներից 237855–ը։ Համավարակն արդեն 5200 մարդու կյանք է խլել` չհաշված նրանց, ովքեր ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով (1197)։