Եթե Հադրութ վերադառնանք, 1-ն էլ կունենամ. Լիանան 7 երեխաների հետ հիմա վարձով է ապրում

Արցախից Հայաստան տեղափոխված բազմազավակ ընտանիքն աջակցության կարիք ունի։ Ընտանիքի հայրը, որը մասնակցել է պատերազմին, հիմա արտագնա աշխատանքի է մեկնել, սակայն, միևնույն է, չեն հասցնում երեխաների բոլոր կարիքները հոգալ։
Sputnik
Պատերազմից հետո Սուրենն ու Լիանան իրենց 7 անչափահաս երեխաների հետ Արցախից տեղափոխվել և Արտաշատի մարզում են ապրում։ Ընտանիքը Հադրութում է թողել իր երկու տունը, հիմա վարձով են ապրում։
Լիանան երեխաների հետ
Լիանան չի աշխատում` երեխաներով է զբաղվում, իսկ Սուրենը մեկնել է Ռուսաստան արտագնա աշխատանքի` հեշտ չէ 7 երեխա մեծացնելը, երբ գլխիդ ծածկ էլ չունես։
«Երեխա ունենալիս չեմ մտածել, որ մի օր տնից կզրկվենք։ Խաղուպար չէ` 7 երեխայի հետ դրսում մնալը... Հայաստան գալուց չէի պատկերացնում` ինչ ենք անելու, բայց նեղությունից հավաքում ես քեզ, արագ կազմակերպում ամեն ինչ։ Վարձով տուն գտանք ու տեղավորվեցինք. սկզբում 50 000, իսկ հիմա 80 000 դրամ վարձ ենք տալիս»,–ասում է Լիանան։
Լիանա Ժամհարյանը
Նա պատմում է` երբ պատերազմը սկսվել է, չի հավատացել, և մտածել է` սովորականի պես կրակոցներ են։ Սակայն կարճ ժամանակ անց նրանց բակում զինվորներն են հայտնվել և հորդորել թաքնվել նկուղներում։ Լիանան 7 երեխաների հետ թաքստոց է մտել, իսկ ամուսինը, չնայած այն հանգամանքին, որ բազմազավակ հայր լինելով չպետք է կռվին մասնակցեր, զենքը ձեռքն է վերցրել։
«Ինչպես մյուսները, այնպես էլ ես»,–ասել է Սուրենը կնոջն ու անցել կամավորների շարքեր։ Անգամ այդ ժամանակ չեն մտածել, թե որքան երկար է տևելու պատերազմը, սակայն օրեր անց ամեն ինչ պարզ է եղել. Լիանան պատմում է` նախ Հադրութից են ստիպված տեղափոխվել Շուշիի կողմերն ինչ–որ գյուղ, իսկ օրեր անց էլ այնտեղից Հայաստան են եկել։ Հարցին, թե ի՞նչ է տնից հասցրել վերցնել, Լիանան պատասխանում է` երեխաներին։ Կինն ասում է, որ հեռանալիս գյուղում մնացողներին խնդրել է խոզերից մեկին, որը հղի էր, լավ նայել, կերակրել։ «Ոնց որ հղի կնոջը թողնես և գնաս։ Բայց ինչ անեի` մեքենայի մեջ տեղ չկար»,–ասում է Լիանան։
Հադրութից տեղահանված բազմազավակ ընտանիքի երեխաները
Այդ ընթացքում Լիանան 7 երեխաների հետ մենակ էր մնացել, բայց մտքով ամուսնու հետ էր. ավելին, պատերազմի ժամանակ 10 օր ամուսնուց որևէ լուր չեն ստացել։
«Սուրենն ընկերների հետ շրջափակման մեջ է ընկել` 10 օր էդպես մնացել են։ Անտառներում են թաքնվել... Հետո մերոնք գնացել-փրկել են։ Դրանից հետո ամուսինս տուն չի եկել, մնացել է մարտի դաշտում։ Սուրենը պատերազմի ավարտից հետո է տուն եկել, լավ է` ողջ-առողջ»,–ասում է Լիանան։
Լիանան ու 1.8-ամյա Հովհաննեսը
Իսկ թե ինչ օրեր է անցկացրել շրջափակման մեջ եղած ժամանակ, ամուսինն այդ մասին խոսել չի սիրում և կնոջն էլ շատ բաներ չի պատմել` սահմանափակվել է ասելով, որ կարևորն այն է` վերադարձել է։ Իսկ վերադառնալուց ամիսներ անց, ինչպես նշեցինք, ՌԴ է մեկնել, քանի որ Հայաստանում այդպես էլ աշխատանք չի գտել։ Կինն ասում է, որ մինչև պատերազմը սկսվելն ամուսինը խանութում է աշխատել` բանվորություն է արել, ինքն էլ կենդանիներ է պահել, բաղ ու բաղչա մշակել` կյանքը դժվար չէր։ Իսկ հիմա Լիանան 7 երեխաների հոգսը չի կարողանում հոգալ այնպես, ինչպես ինքը կուզեր։ Ճիշտ է, պետությունից աջակցություն ստացել են, սակայն 7 երեխաների հետ այդ գումարը շուտ է սպառվել։
Լիանան նշում է` երեխաներից 4-ն արդեն դպրոց են գնում և նրանց համար նորմալ հագուստ չկա` 1-2 ձեռք է։
«Ամուսինս ասում է` Ռուսաստանում գործ կա, բայց ոչ ինքը, ոչ էլ ես չենք ուզում գնալ երկրից։ Ես իմ հողն ո՞ւմ թողնեմ՝ գնամ։ Ավելին ասեմ, եթե Հադրութը հետ վերադարձնեն և տուն տան մեզ, հաստատ կգնամ։ Երեխաներս կոփված են, կրակոցների ձայնից չեն վախենում, կարևորը` հետ վերադառնանք»,–ասում է Լիանան։
12-ամյա Հարութը մոր հետ
Այդ պահին մեզ է մոտենում 12-ամյա Հարութը, որը ոգևորված նշում է` մայրը ճիշտ է ասում, սիրով Հադրութ կգնար, մանավանդ, որ որոշել է զինվորական դառնալ։ Հարութն ուզում է ինձ համոզել, որ կարող է քույրերին պաշտպանել և հավելում է` երբ զինվորները պատերազմի օրերին իրենց բակ են եկել, նրան զենք բռնել են սովորեցրել, այնպես որ, ընտանիքն ապահով ձեռքերում կլինի։
«Պիտի զինվորական դառնամ ու ծառայեմ, հայրենիքս պաշտպանեմ։ Հիմա մամային եմ լավ նայում, ինչպես խոստացել եմ պապային»,–ասում է Հարութն ու վազում փոքրիկ եղբոր` Հովհաննեսի մոտ։
1.8 տարեկան փոքրիկը սկսել է "չոչ անել"
Ի դեպ, Հովհաննեսը հենաշարժական խնդիրներ է ունեցել և երբ ծնվել է, բժիշկներն ասել են, որ երեխան չի քայլի։ Ընտանիքին ակնարկել են` գուցե հրաժարվի՞ երեխայից։ Լիանան, բնականաբար, նման քայլի չի դիմել, իսկ 1.8 տարեկան փոքրիկը սկսել է «չոչ անել», և մայրը վստահ է` նաև քայլելու է առաջիկայում։
Բազմազավակ ընտանիքն այժմ սննդի կարիք ունի` երեխաներին լավ կերակուր է պետք առողջ մեծանալու համար։
Լիանան հույս ունի, որ ամեն ինչ լավ է լինելու, ինչ–որ դուռ է բացվելու։ Նա ժպիտով հավելում է` եթե Հադրութ վերադառնան և խաղաղություն լինի, ևս մեկ երեխա է ունենալու։