"Ես էլ, Պապիկյանն էլ հոլի պես ֆռռում ենք". Քերոբյանը հանդիպեց խաղողագործներին

Խաղողագործների բողոքի ակցիան կառավարության մոտ
Էկոնոմիկայի նախարարը խաղողագործներին խոստանում է մթերման խնդիրը լուծելը 1-2 օրվա հարց է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Խաղողի մթերման հետ կապված ամբողջ խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ խոշոր ընկերություններից մեկն այս տարի հրաժարվել է խաղող ընդունել։ Կառավարության առջև բողոքի ակցիա անող խաղողագործներին նման տեղեկություն տվեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Հայտնել էինք, որ խաղողագործներն առավոտից կառավարության առջև բողոքի ակցիա են անում` ասելով, որ իրենց խաղողը մնացել է առանց մթերման։ Նրանք նշում են, որ Գագիկ Ծառուկյանի ընկերությունը` «Նոյը», այսօր չի ընդունում խաղող, իսկ իրենք հենց նրան են միշտ խաղող տվել։
Արմավիրում ընկերություններից մեկը խաղող չի վերցնում, ինչի համար էլ իրավիճակը բարդացել է
«Խաղողի մթերման հարցով դեռ նախորդ տարվանից ենք զբաղվում, բայց վերջին պահին պարզվեց, որ «Նոյը» որոշել է չմթերել։ Մենք չենք կարող պարտադրել որևէ ընկերության, որ մթերեն։ «Նոյը» տարեկան 20-25 000 տոննա խաղող էր մթերում, արդեն 10 000 տոննան մթերվել է, մնացել է 12 000 տոննան տեղավորենք»,–ասաց Քերոբյանը` հավելելով, որ Ծառուկյանի գործարանին խնդրել են, որ մթերի, բայց հրաժարվել են։

Գյուղացիները հակաճառեցին` ասելով, որ նախարարի ասած թվից 5 անգամ շատ քանակությամբ խաղող է մնացել։ «Մեր խաղողը չամիչ է դարձել, մնալու է վազերի վրա։ Ես 7 միլիոն ներդրում եմ կատարել, 3-րդ կարգի հաշմանդամ եմ, եթե խաղողս փչացավ, կառավարությունն ինձ փոխհատուցելո՞ւ է»,–ասացին նրանք։

Քերոբյանը նշեց, որ Վայոց Ձորում և Արմավիրում խաղողի մթերման խնդիրը փորձում են լուծել, իսկ Արարատի հետ կապված արդեն գրեթե լուծել են։ Նախարարը հավելեց, որ այսօր իր տեղակալը պետք է ասի, թե ինչպես է լուծվելու խնդիրը, իսկ լուծումը 1-2 օրվա հարց է։ «Դուք գիտեք, որ ես էլ, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ հոլի պես ֆռռում ենք։ Մի հատ էլ «Նոյ» գործարանի հետ խոսենք, եթե համաձայնեց, համաձայնեց»,–ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ երեկ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հանդիպել էր խաղողագործների հետ և ասել, որ մարզում այժմ խաղողի մթերում են իրականացնում գործող յոթ ընկերությունից 6-ը (բացառություն է "Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի" Ամասիայի մասնաճյուղը), ինչով պայմանավորված էլ իրավիճակը բարդացել է:
Խաղող մթերողների հետ գնի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել. Սուրեն Պապիկյան
Նա, սակայն, հայտնել էր, որ մարզում մթերում իրականացնող ընկերություններից 3-ը խաղողի հավելյալ խմբաքանակ մթերելու պատրաստակամություն են հայտնել: