ՌԱԴԻՈ

«Ադրբեջանը սարսափում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերակենդանացումից». փորձագետ

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին և դրա մասին Ադրբեջանի վերաբերմունքին։
Sputnik
Ադրբեջանական կողմը սարսափում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերակենդանացումից, որովհետև դա փաստացի հակասում է Ալիևի այն հոխորտանքներին, թե ինքը լուծել է Ղարաբաղի հարցը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։

«Վերակենդանացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը, Ալիևը հարցականի տակ է դնում իր քաղաքական լեգիտիմությունը սեփական ժողովրդի առջև, որովհետև թեզը, թե Ղարաբաղի հարցը լուծված է, պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակում քարոզվում էր թե՛ Ադրբեջանում, թե՛ արտաքին աշխարհի համար»,- ասաց նա։

Ադրբեջանը մինչև պատերազմն էլ պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակում առիթը բաց չէր թողնում` խարխլելու ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմքերը` պատճառաբանելով, որ այդ ձևաչափը հին է և այն պետք է թարմացնել` ներգրավելով Թուրքիային։ Սակայն հայկական դիվանագիտության շնորհիվ Ադրբեջանը մերժում էր ստանում և հայտնվում փակուղում։
Իսկ 44-օրյա պատերազմում արձանագրած հաղթանակից հետո, փորձագետի խոսքով, էյֆորիկ տպավորությունների ազդեցության տակ Ադրբեջանը կարծում է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երկրները պետք է իր հետ հաշվի նստեն և հլու –հնազանդ լսեն Ալիևի պահանջները, ինչը ենթադրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կատարյալ ոչնչացում։
Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին
Դավթյանի խոսքով` պաշտոնական Բաքուն ցանկանում է իր համար առավել ցանկալի նոր ձևաչափ ստեղծել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի մասնակցությամբ. հիմքում նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարությունն է, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու երկրները բացակայում են։
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
Ռուդենկոյի խոսքով` իրենք շարունակում են ԵԱՀԿ Մինսկի խումբը դիտարկել որպես խաղաղ գործընթացի առաջմղման կարևոր գործիք։