ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բարձր է գնահատել Պետդումայի ընտրությունների ժամանակ Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի ներդրած նոր պրակտիկան։ Թաթոյանը գրառում է արել Facebook–ի իր էջում` նշելով, որ այդ պրակտիկան հնարավորություն է տալիս առցանց հարթակում հետևել ընտրությունների ընթացքին՝ անմիջական հասանելիություն ունենալով ընտրական տեղամասերի տեսադիտարկմանը:
Նշենք, որ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հրավերով Թաթոյանը սեպտեմբերի 17-19 մասնակցել է Պետական դումայի ընտրությունների դիտարկմանը՝ որպես միջազգային փորձագետ:
Արման Թաթոյանը նշել է, որ իր գործընկերոջ՝ Տատյանա Մոսկալկովայի անձնական մեծ ջանքերի արդյունք է նաև ՌԴ մարդու իրավունքների ռեգիոնալ հանձնակատարների ներդաշնակ և արդյունավետ համատեղ աշխատանքը Դաշնային հանձնակատարի հետ"
Հենց տեղում՝ մարդու իրավունքների հաստատությունում դիտարկումների ժամանակ արձանագրվել են մի շարք հարցեր, որոնք Մոսկալկովայի և ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համագործակցության արդյունքում լուծվել են։
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ինչպես նաև ՌԴ Հասարակական պալատում քննարկման ժամանակ Թաթոյանը ներկայացրել է ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցության բարձր մակարդակը: Թաթոյանն արձանագրել է, որ Մոսկալկովան ընտրական իրավունքների հարցերով արդյունավետ երկխոսություն է վարում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ:
Ընտրությունների դիտարկման ժամանակ ինչպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, այնպես էլ այլ երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարներն այցելել են քննչական մեկուսարաններ ընտրական պրոցեսի կազմակերպման ընթացքին ծանոթանալու նպատակով:
Նշենք, որ Պետդումայի ընտրություններն այս տարի անցկացվեցին սեպտեմբերի 17-19-ը, միաժամանակ 9 սուբյեկտում ընտրեցին տարածաշրջանների ղեկավարների, ևս 39-ում ՝ տարածաշրջանային խորհրդարանների պատգամավորների:
ՌԴ ԿԸՀ տվյալներով`ընտրատարածքային հանձնաժողովների արձանագրությունների 99,84 տոկոսի ամփոփումից հետո «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ստացել է 49,83 տոկոս։ Երկրորդը Կոմունիստական կուսակցությունն է` 18,94, երրորդը՝ Վլադիմիր Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 7,52 տոկոս։