ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Զրուցակիցները դրական են գնահատել Հայաստանի ու Լիտվայի հարաբերություններում առկա դրական դինամիկան և վերահաստատել իրենց պատրաստակամությունը բարձր մակարդակով երկխոսության միջոցով խորացնելու առկա համագործակցությունը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության լայն օրակարգի, Հայաստանին ԵՄ կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության շուրջ։
Տեղեկացվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությանը։
«Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները խաթարում են Հայաստանի ջանքերը՝ ուղղված իրավիճակի դեէսկալացիային և կայունության հաստատմանը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Ղարաբաղյան հակամարտության մասին խոսելիս` ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունների գործընթացի վերսկսման և տևական ու համապարփակ կարգավորման կարևորությունը։
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 21–ին աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի աշխատանքներին։