Դեպի ադրբեջանական սահման ծանր ռազմական տեխնիկայով ավտոշարասյան շարժի մասին տեղեկություններն առաջինը սկսեցին տարածել իրանական տելեգրամ-ալիքները։ Դրանք նաև տեսանյութեր հրապարակեցին։
Փորձագետները ենթադրեցին, որ տեսանյութը համացանցում հատուկ են տեղադրել, Իրանի համապատասխան պետական կառույցների իրազեկմամբ, եթե չասենք՝ նախաձեռնությամբ։ Բլոգերները պնդում են, որ զինվորականները շարժվել էին դեպի Հորադիզից հարավ գտնվող Ասլանդուզ սահմանամերձ բնակավայր։ Այսինքն զորքերը տեղակայվել են այն տեղանքում, որը սահմանակից է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի ենթակայության տակ անցած արցախյան շրջաններին։ Բլոգերների տեղեկության համաձայն` Ասլանդուզից զորքերի մի մասն արդեն Արաքս գետի ափով դեպի արևելք և արևմուտք են անցել` հասնելով այդ թվում այն շրջանին, որը սահմանակից է թալիշներով բնակեցված ադրբեջանական գավառին։ Եվ դա ևս պատահական չէ։ Շիադավան պարսկախոս թալիշները միշտ ձգտել են դեպի Իրան և երբեմն Թեհրանի կողմից օգտագործվել են որպես սեփական ազդեցության գործակալներ։
Մամուլին հասանելի դարձած տեղեկությունների համաձայն` սահմանի մոտ կբերվեն տանկեր, հրետանային զենք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Նշվում է, որ զորավարժությունների ժամանակ կկիրառվեն ուղղաթիռներ և անօդաչուներ։
Այն մասին, որ Իրանի զինված ուժերը մտադիր են Ադրբեջանի սահմանի մոտ լայնածավալ մանևրումներ իրականացնել, գրում են արդեն նաև Բաքվի համացանցային ԶԼՄ–ները` միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ զորավարժություններից այն կողմ գործը չի հասնի։
Թեպետ, դատելով ամենից, արդեն իսկ հասնում է։ Օրեր առաջ տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Իրանի ՌՕՈւ–ն մարտական ինքնաթիռ է օդ բարձրացրել, որը որոշ ժամանակ գտնվել է Ադրբեջանի սահմանի անմիջական հարևանությամբ։ Համացանցային ռեսուրսները, որոնք մասնագիտացած են ինքնաթիռների թռիչքների մոնիթորինգի վրա, նյութեր են տեղադրել, որոնք թույլ են տալիս հետևել իրանական կործանիչի հետագծին։ Նկատելի է, որ այն անցել է պետական սահմանից 500 մետրի վրա` Պարսաբադի մոտ։ Կարելի է միայն կռահել` դա հետախուզական թռիչք էր, թե՞ Իրանն այդպիսով ցանկանում էր պարզապես Բաքվի կառավարիչներին որոշակի ազդանշան ուղարկել։
Եթե դա իսկապես ազդանշան է, ապա հասկանալի է, թե ինչի հետ է այն կապված։ Ինչպես հայտնի է, Թեհրանի և Բաքվի հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ ադրբեջանցիները իրենց վերահսկողության տակ գտնվող Գորիս–Կապան ավտոճանապարհահատվածի վրա իրանցի վարորդների էին ձերբակալել։ Փորձագետները կարծում են, որ Ադրբեջանը նման միջոցներ է ձեռնարկում ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով։
Թեհրանը սկզբում զուսպ էր արձագանքում։ ԻԻՀ–ի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն պահանջել էր անհապաղ ազատ արձակել վարորդներին, ինչպես նաև պնդել հանդիպում անցկացնել պաշտոնական անձանց հետ` «խնդրին հիմնարար լուծում տալու համար»։ Նախորդ շաբաթվա վերջին Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին քննարկել էր իրավիճակը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի և Իլհամ Ալիևի գլխավոր օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Ապարդյուն։
Դրան հետևեց արդեն ավելի կոշտ արձագանք։ Իրանական դիվանագիտության ավանդույթների համաձայն` անուղղակիորեն անհրաժեշտ ազդանշաններ ուղարկելը։ Նման ազդանշան ուղարկելու ալիքներից մեկը դարձավ ազդեցիկ շիա քաղաքական գործիչ և աստվածաբան այաթոլա Սեիդ Հասան Ամելիի (որին ընդունված է համարել Իրանի փաստացի կառավարիչ այաթոլա Ալի Խամենեի աջ ձեռքը) ուրբաթօրյա քարոզը։ Սեիդ Հասան Ամելին, որը ադրբեջանցիներով բնակեցված Արդեբիլի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչն է, կոշտ քննադատության է ենթարկել Բաքվի և Անկարայի ղեկավարներին։ «Եթե Ադրբեջանն ու Թուրքիան բարիդրացիական հարաբերություններ չեն ցանկանում, խնդրում եմ Ազգային անվտանգության խորհրդին թույլատրել Իսլամական հեղափոխության պահապանների մեր կորպուսին ցուցադրել Իրանի հզորությունը սահմանի այս կողմում»,– հայտարարել է Ամելին։
Հավանաբար նա նկատի ուներ զորավարժությունների անցկացումը, որոնք երկար չեն սպասեցնի։
Շարունակելով միտքը այաթոլան եզրահանգել է. «Անհրաժեշտ է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ցույց տա, որ առյուծի պոչի հետ չարժե խաղալ»։ Մի՞թե հնարավոր էր սրանից ավելի թափանցիկ հնչեցնել սպառնալիքը։
Մնում է միայն հավելել, որ նախկինում ևս Իլհամ Ալիևին հասցեագրված կարևոր ազդանշանները Իրանի հոգևոր առաջնորդը բազմիցս ուղղում էր այաթոլա Սեիդ Հասան Ամելիի շուրթերով։ Այդպես էր և՛ 2018 թվականին, երբ Ամելին հայտնեց այն մասին, որ Խոջալուի իրադարձությունները կազմակերպվել էին ոչ թե հայերի կողմից, այլ թուրք ազգայնականների, և՛ 2016 թվականին, երբ այաթոլան հայտարարեց Բաքվի համար հնարավոր հետևանքների մասին, եթե այն շարունակի բռնաճնշումները տեղի շիա կղերականների նկատմամբ։ Այնպես որ հոգևոր առաջնորդի կողմից հնչեցրած սպառնալիքը հարկ է լուրջ ընդունել։
Բաքվում այդ ազդանշանը դժգոհության ալիք առաջացրեց։ Ի պատասխան՝ Ադրբեջանի խորհրդարանի «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության պատգամավոր Էլման Մամեդովը տեղական պարբերականին տված հարցազրույցում հայտարարեց. »Իրանցիները կոչ են անում մեզ չխաղալ առյուծի պոչի հետ։ Մենք պարզապես կկտրենք այդ պոչը»։ Եվ ահա դրանից հետո հենց իրանական կործանիչ տեսան Ադրբեջանի սահմանի անմիջական հարևանությամբ։
Բոլորովին պատահական չէր, որ իրանական մամուլը սկսեց հիշել այն ամենը, ինչ վերջին շաբաթների ընթացքում մթագնում էր իրանա–ադրբեջանական բարեկամությունը։ Հիշեցին նաև ադրբեջանցի իշխանամետ պատգամավորի տված հարցազրույցը թուրքական «Ենի Շաֆակ» թերթին, որում նա հայտարարել էր, որ «Իրանը շուտով կվերանա աշխարհի քարտեզի վրայից»։ Չմոռացան հիշատակել նաև Իրանի ազգային հերոս գեներալ Ղասեմ Սուլեյմանիի վերաբերյալ արված ծաղրանկարներն ու մեմերը, որոնք ակտիվորեն տարածվում են սոցցանցերում ադրբեջանցիների կողմից։ Սուլեյմանիին թշնամիները պատկերում են համասեռամոլներին և լեսբուհիներին խորհրդանշող դրոշի ֆոնին։ Չեն մոռացել նաև «Fars, rus, erməni bunlar türkün düşməni» հայտնի արտահայտության մասին, որը վերջերս Բաքվում հակաիրանական ցույցի ժամանակ վանկարկում էին թյուրք ազգայնականները (թարգմանության մեջ այն հնչում է որպես` պարսիկները, ռուսներն ու հայերը բոլոր թյուրքերի թշնամիներն են)։
Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ Իրանի իշխանությունները բավական կոշտ են տրամադրված և ձգտելու են հնարավոր բոլոր մեթոդներով հասնել իրենց քաղաքացիների ազատ արձակմանը։ Նույնը վերաբերում է նաև Իրանի տրանսպորտային ընկերությունների` Երևանն ու Թեհրանը կապող ավտոմայրուղու շահագործման իրավունքին։ Հյուսիս–Հարավ միջանցքի կարևոր օղակ հանդիսացող այդ ճանապարհը Իրանի համար ռազմավարական նշանակություն ունի։ Իրանն այդ ճանապարհից երբեք չի հրաժարվի։
Այդ դեպքում արդյոք իրանցի վարորդներին կալանավորելու մասին որոշումը մինչև վերջ մտածված է եղել, թե նրանք, ովքեր հրաման են արձակել, իրենք իրենց անհարմար դրության մեջ են դրել։ Այստեղ ամեն ինչ կարող է շատ ավելի բարդ լինել, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Գուցե Բաքուն պարզապես կուլ է տվել Երևանի խայծը։ Տարբեր կերպ կարելի է մեկնաբանել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ճանապարհահատվածները շրջանցելու հնարավորություն տվող պահեստային ճանապարհի հարցը լուծելու հետ կապված շտապողականության բացակայությունը։
Տեղին կլիներ ենթադրել, որ ՀՀ իշխանությունները գիտակցաբար են ձգձգել՝ ցանկանալով սադրել ադրբեջանցի զինվորականներին իրանական տրանսպորտային ընկերությունների նկատմամբ չմտածված գործողությունների։ Իրանին ևս իրադարձությունների նման շրջադարձը շահավետ է։ Չէ՞ որ ստեղծված իրավիճակը կարող է օգտագործվել Թեհրանի կողմից որպես պատրվակ` Սյունիքի մարզով անցնող տրանսպորտային հաղորդակցության անվտանգության երաշխիքը դառնալու իրավունքի հայտ ներկայացնելու համար։ Անվտանգության երաշխիքներ ստեղծելու համար Իրանի մասնակցության ձևերը կարող են տարբեր լինել, ընդհուպ մինչև տարածաշրջանում անմիջական ռազմական ներկայություն։ Հայկական կողմը, կարծում եմ, դեմ չի լինի։ Այս հարցը բարձրացնելու առիթ արդեն իսկ կա։
Այսպիսով, չի բացառվում, որ Երևանն ու Թեհրանը գիտակցաբար են Բաքվի ղեկավարներին անզգույշ քայլի դրդել, որը կարող է խթան հանդիսանալ իրադարձությունների նոր զարգացման համար։ Եվ դա կարող է Ադրբեջանի համար ճակատագրական դառնալ։