Իմ աշխատանքը կապացուցի, որ ես ճիշտ ընտրություն էի. Մակունցի հարցազրույցն Al Arabiya–ին

ԱՄՆ–ում Հայաստանի առաջին կին դեսպանը հարցազրույց է տվել Al Arabiya պարբերականին։ Պարբերականը նյութում անդրադարձել է արցախյան 44-օրյա պատերազմին` շեշտելով, որ Թուրքիայի մասնակցությունը մարտի դաշտում մեծ է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանը միշտ խաղաղություն է ուզել, երբեք չի նախաձեռնել հարձակում որևէ երկրի վրա, այժմ էլ Ադրբեջանի դեմ մղած պատերազմից հոգեպես և տնտեսապես վերականգնման փուլում է։ Այս մասին Al Arabiya պարբերականին ասել է ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։
Պարբերականը նշում է, որ 37-ամյա Լիլիթ Մակունցը մեկ ամսից ավելի է` նշանակվել է ԱՄՆ–ում ՀՀ դեսպան, արդեն հանդիպումներ է ունեցել Պետդեպարտամենտի, Կոնգրեսի և Սենատի պաշտոնյաների հետ: Բայց նրան դեռ չի թույլատրվում հանդիպել Սպիտակ տան պաշտոնյաների, ներառյալ Ազգային անվտանգության խորհրդի հետ, քանի դեռ նա իր հավատարմագրերը չի հանձնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին:
Այդ գործընթացը սովորաբար տևում է մեկից երեք ամիս:Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Ջեքի Սփիրի հետ
Մակունցը պարբերականին ասել է, որ դրանից հետո կսկսի կազմակերպել երկկողմ այցեր ԱՄՆ–ի և Հայաստանի պաշտոնյաների հանդիպումների համար:
Պարբերականի դիտարկմանը, թե սփյուռքում քննադատվել է Մակունցի նշանակումը, որը որպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադր` եկավ փոխարինելու փորձառու դիվանագետ Վարուժան Ներսիսյանին (վերջինս այժմ Միացյալ Թագավորությունում է ստանձնել ՀՀ դեսպանի պաշտոնը), Մակունցն ասել է, որ քաղաքական նշանակումներ կատարվում են շատ երկրներում։

«Իմ աշխատանքը կապացուցի, որ ես ճիշտ ընտրություն էի։ Հայաստանը հպարտ է իր ժողովրդավարությամբ։ Եվ պատերազմից հետո մենք որոշեցինք, որ մենք պետք է ավելացնենք մեր դիվանագիտական ջանքերը աշխարհի խոշոր մայրաքաղաքներում»,– ասել է նա։

Խոսելով Հայաստանի ներկա վիճակից` Մակունցը նշել է, որ Հայաստանը վերջին տարիներին տնտեսական բում էր ապրում, բայց կորոնավիրուսը և Ադրբեջանի հետ պատերազմը 2020-ին այդ աճը կանգնեցրին: Նրա խոսքով` այժմ ՀՀ կառավարությունը զբաղված է տեղահանվածներին օգնելով։
«Մենք միջազգային օգնություն չենք խնդրում այս հարցում, և դա հայկական հարց է։ Սակայն փոխարենը տնտեսական և անվտանգության աջակցություն ենք խնդրում ՝ խաղաղության և Ադրբեջանի հետ սահմանազատման հասնելու համար», – ասել է նա։
Մակունցն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճը լուծելու լավագույն միջոցը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որը համանախագահում են ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը: Մակունցը բարձր է գնահատել ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունները`ռազմագերիների վերադարձի անհրաժեշտության վերաբերյալ:
Մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է. ՀՀ–ում ԱՄՆ դեսպան
«1994 թվականին, երբ մենք հաղթեցինք, մենք վերադարձրինք բոլոր ռազմագերիներին: Անհեթեթ է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին պահելը», - ասել է Մակունցը:
Al Arabiya-ն նշում է, որ արցախյան պատերազմում Թուրքիան վճռական դեր է խաղացել՝ Ադրբեջանի համար ապահովելով անօդաչու թռչող սարքերը, օգնելով տեխնոլոգիաների և հետախուզության հարցերում:
Մակունցին կհաջողվի՞ կյանքի կոչել ԱՄՆ-ից ունեցած սպասելիքները. Բալասանյանը կասկածներ ունի
Պարբերականը նշում է նաև, որ օսմանյան թուրքերը պատասխանատու են 1915 թվականին կատարված Հայոց ցեղասպանության համար։ Նշվում է, որ այս տարի Միացյալ Նահանգների նախագահն ընդունեց այդ փաստը, սակայն Թուրքիան շարունակում է հերքել իր մեղավորությունը: