ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
«Անկախության տոնի առթիվ ցանկանում եմ Ձերդ Գերազանցությանը փոխանցել իմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքներս հղել Հայաստանի ժողովրդին:
Ես լիահույս եմ, որ դժվար տարվանից հետո մենք կարող ենք ակնկալիք ունենալ հաղթահարելու համաշխարհային առողջապահական մարտահրավերները և ապագայում ունենալ ավելի լավ ժամանակներ»,–ասված է թագուհու ուղերձում:
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 21–ին, ՀՀ–ն նշում է Անկախության 30–ամյա հոբելյանը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը (99%) արտահայտվեց անկախ պետականություն կերտելու օգտին։
Քվեարկությանը մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 95 տոկոսը։ Երկու օր անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը հաստատեց ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու որոշումը։