ՌԱԴԻՈ

Չի բացառվում, որ Ղրիմի հարցով Էրդողանի հայտարարության հետևում կանգնած է Արևմուտքը

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՄԱԿ–ի գլխավոր նստաշրջանում Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը, որն առնչվում է Ղրիմին։
Sputnik
Էրդողանը Ղրիմին առնչվող հայտարարությամբ ուղերձ է հղում` ձգտելով ցույց տալ, թե սևծովյան տարածաշրջանում Թուրքիան ազդեցիկ խաղացող է, բայց մյուս կողմից էլ հասկանալի է, որ ՌԴ–ի դեմ ուղղված ցանկացած հայտարարություն բխում է Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ–ի` Կրեմլին զսպելու քաղաքականությունից, Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց միջազգայնագետ Բենիամին Պողոսյանը։
"Մոսկվայի դեմ խոսքերը կարող են թանկ նստել Անկարայի վրա". Ղրիմում պատասխանել են Էրդողանին
«Էրդողանն ունի ռազմավարություն` Թուրքիան դարձնել հնարավորինս անկախ տարածաշրջանային խաղացող, և այդ առնչությամբ Էրդողանն ունի բավականին մեծ պատկերացումներ, որոնք ընդգրկում են աշխարհագրական ընդլայնված սահմաններ, այսինքն` ցույց տալ, որ Թուրքիան ունի ինքնուրույն շահեր, ուստի քայլեր է ձեռնարկում` եկնելով սեփական հետաքրքրություններից։
Եթե շահերը հակասում են ՆԱՏՕ–ում ֆորմալ դաշնակիցների շահերին, ապա պատրաստ է քայլեր ձեռնարկել նաև նրանց դեմ, իսկ եթե այդ շահերը պահանջում են համագործակցել ոչ ֆորմալ դաշնակիցների հետ, ինչպիսին Ռուսաստանն է, ապա Թուրքիան պատրաստ է նման քաղաքականություն վարել»,– նշեց միջազգայնագետը։
Պողոսյանի դիտարկմամբ` պատահական չէ, որ այդ հայտարարությունն Էրդողանն արեց նախագահ Պուտինի հետ հանդիպումից ութ օր առաջ, հետևաբար չի կարելի բացառել, որ անընդհատ Ղրիմի և ուկրաինական հակամարտության խնդիրն առաջ մղելով` Թուրքիան փորձում է տարածաշրջանային հարցերը տարածաշրջանային խաղացողների միջոցով, առանց Արևմուտքի միջամտության, լուծելու ուղերձ հղել Ռուսաստանին, ինչպես դա եղավ Հարավային Կովկասում արցախյան պատերազմից հետո։
Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունները անընդունելի են Կրեմլի համար․Պեսկով
Միջազգայնագետը չբացառեց, որ այստեղ ակնարկ կա Ռուսաստանին. Թուրքիան ցանկանում է ցույց տալ, թե կարող է Սևծովյան տարածաշրջանում խնդիրներ ստեղծել ՌԴ–ի համար` ակտիվ ռազմատեխնիկական համագործակցություն ծավալելով Ուկրաինայի հետ, հետևաբար Թուրքիան գուցե կփորձի նաև սրելով իրավիճակն ու խաղադրուքները բարձրացնելով` Մոսկվային առաջարկել կոնկրետ հարցերում հասնել փոխհամաձայնեցված լուծումների։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, ասել է, որ կարևոր է պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ներառյալ «բռնակցված» Ղրիմի տարածքը:
Հայ-թուրքական մերձեցման հերթական փորձն ու Էրդողանի մեծ ախորժակը
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ղրիմում անցկացված ընտրություններն իրավական ուժ չունեն: Կրեմլն այս հայտարարությունն անընդունելի է անվանել: