Զոհվածների մայրերը վրդովված են` Նաիրի Սարգսյանը խեղաթյուրել է իրենց խոսքերը

Կառավարության շենքում հանդիպումից հետո զոհված հերոսների մայրերից որևէ մեկը չի համաձայնել մասնակցել սեպտեմբերի 21-ի միջոցառմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հետմահու «Արցախի հերոս» կոչմանն արժանացած զինծառայող Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը, խիստ վրդովված է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը խեղաթյուրել և ձևափոխել է որդեկորույս մայրերի խոսքերը։ Դեպի Եռաբլուր քայլերթի ճանապարհին նա լրագրողների հետ զրույցում անդրադարձել է օրեր առաջ կառավարությունում տեղի ունեցած հանդիպմանը։
Նրա խոսքով` 16 մայրերից կազմված պատվիրակությունը հանդիպել էր Նաիրի Սարգսյանի հետ՝ պարզաբանումներ պահանջելով սեպտեմբերի 21-ին ծրագրված միջոցառման հետ կապված։ Մասնավորաբար, ծնողները ցանկացել են պարզել, թե ինչ ձևաչափով է անցկացվելու միջոցառումը, ինչ երաժշտությամբ է ուղեկցվելու և այլն։
Հանդիպումից հետո Նաիրի Սարգսյանը նշել էր, որ զոհված զինծառայողների մայրերը շնորհակալություն են հայտնել միջոցառման համար։

«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ մեզնից ոչ մեկը ոչ մի պարագայում ո՛չ գոհունակություն է հայտնել կազմակերպվող միջոցառման համար, ո՛չ էլ շնորհակալություն հայտնել, այլ ճիշտ հակառակը․ մեզ համար խիստ զարմանալի էր, որ անգամ մեր տղաների շիրիմները դեռ պատրաստ չեն, իսկ մի քանի օրից նրանցից շատերի անմահանալու մեկ տարին է լրանում»,- նշեց Ալեն Մարգարյանի մայրն ու հավելեց՝ մյուս 15 մայրերն էլ կհաստատեն իր խոսքերը։

Կինը պնդում է՝ իրենց խոսքերն ամրատապես ձևափոխվել է, խեղաթյուրվել, ինչն անթույլատրելի է։
«Ինչպես ցանկացած դաստիարակված, կրթական բարձր ցենզ ունեցող մարդիկ՝ ներս մտնելիս ասացինք՝ «բարև ձեզ», գնալիս՝ «շնորհակալություն» հանդիպումը կազմակերպելու, խնդիրները լսելու համար»,- նշեց Տերտերյանը։
Նրա խոսքով` հանդիպումից հետո էլ իրենք լրագրողների հետ մոտ 15-20 րոպեանոց զրույց են ունեցել, որի ընթացքում նշել են, որ իրենց հարցերը մասնակի բավարարված են, նաև հայտնել են իրենց բոլոր մտահոգությունները, դժգոհությունները, բայց իրենց ամբողջ խոսքից տարածում է գտել հենց «մասնակի բավարարված» արտահայտությունը։
Անկախության իրական տերերն այնտեղ՝ Եռաբլուրում են. մեկնարկում է ջահերով երթը
Բացատրում է՝ այս բառերն էլ գործածել են, որովհետև իրենց բարձրացրած հարցերից մի քանիսն իսկապես մասնակի բավարարվել են, օրինակ՝ իրենք պահանջել են, որ բացառվի հրավառությունը, տոն, տոնախմբություն ձևակերպումները։ Ծնողները նաև պահանջել են, որ Անկախության օրը հնչի երգեհոնային երաժշտություն, այնպիսի երաժշտություն, որը համապատասխան է որդեկորույս ծնողների հոգեվիճակին։
Նազելի Տերտերյանը նաև հավելեց, որ մայրերից որևէ մեկը համաձայնություն չի հայտնել մասնակցելու Անկախության օրվա միջոցառմանը։
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 21–ին, ՀՀ–ն նշում է Անկախության 30–ամյա հոբելյանը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը (99%) արտահայտվեց անկախ պետականություն կերտելու օգտին։
Քվեարկությանը մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 95 տոկոսը։ Երկու օր անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը հաստատեց ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու որոշումը։