Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների դաշնակցային ոգով հետագա զարգացումը, անկասկած, համապատասխանում է երկու եղբայրական ժողովուրդների արմատական շահերին։ Տեղեկությունը նշված է Հայաստանի անկախության հռչակման 30-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական հեռագրերում:
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է՝ Պուտինը նշել է, որ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում սերտ համագործակցություն է հաստատվել, կառուցողական փոխգործակցություն ԵվրԱզԷՍ-ի, ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի շրջանակներուում:
«Հայաստանի հետ հարաբերությունները հիմնվում են բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության բարի ավանդույթների վրա։ Դրանց հետագա զարգացումը դաշնակցային ոգով, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների արմատական շահերին», – ընդգծել է Ռուսաստանի նախագահը։
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 21–ին, ՀՀ–ն նշում է Անկախության 30–ամյա հոբելյանը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը (99%) արտահայտվեց անկախ պետականություն կերտելու օգտին։
Քվեարկությանը մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 95 տոկոսը։ Երկու օր անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը հաստատեց ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու որոշումը։