ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. Մոսկվան ուշադրություն է դարձրել Ղրիմի ընտրությունները չճանաչելու վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությանը։ Այս մասին «Սոլովյով Live» - ի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հավելել է, որ Ռուսաստանը համապատասխան եզրակացություններ կանի: Դիվանագետի կարծիքով ՝ «Թուրքիան շատ լավ գիտի, որ Ղրիմը ՌԴ-ի ինքնիշխան մասն է»։
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր հրապարակել, որում ասված է, որ Ղրիմի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրությունները լեգիտիմ չեն:
Դիվանագիտական գերատեսչությունում ընդգծել են, որ Թուրքիան պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և անօրինական է համարում Ղրիմի մուտքը Ռուսաստանի կազմ:
Նշենք, որ Պետդումայի ընտրություններն այս տարի անցկացվել են սեպտեմբերի 17-19-ը, միաժամանակ 9 սուբյեկտներում ընտրել են տարածաշրջանների ղեկավարներին, ևս 39-ում ՝ տարածաշրջանային խորհրդարանների պատգամավորների:
ՌԴ ԿԸՀ տվյալներով` ընտրատարածքային հանձնաժողովների արձանագրությունների 70 տոկոսի ամփոփումից հետո «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ստանում է 48,46 տոկոս։ Երկրորդը Կոմկուսն է 20,30, երրորդը՝ Ժիրինովսկու կուսակցությունը՝ 7,69 տոկոս։ Նախնական տվյալներով՝ «Սպրավեդլիվայա Ռոսիան» ստանում է 7,43, «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 5,5 տոկոս։ Այս հինգ կուսակցություններն էլ կանցնեն նոր Դումա։