ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում Շվեդիայի դեսպան պարոն Պատրիկ Սվենսոնը շնորհավորել է Հայաստանի Անկախության 30-ամյակը։
Շվեդիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջը տեսանյութ է տեղադրել, որտեղ արտակարգ և լիազոր դեսպանը հայերենով է հղում իր շնորհավորական ուղերձը։
«Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 30–ամյակը։ Իմ լավագույն մաղթանքները բոլոր հայերին»,–ասում է Սվենսոնը։
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 21–ին, ՀՀ–ն նշում է Անկախության 30–ամյա հոբելյանը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը (99%) արտահայտվեց անկախ պետականություն կերտելու օգտին։
Քվեարկությանը մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 95 տոկոսը։ Երկու օր անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը հաստատեց ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու որոշումը։