Հայաստանը Ֆրանսիայի քույրն է․Վալերի Բուայեն շնորհավորել է Անկախության օրվա առիթով

Քաղաքական գործիչը գրառմանը կից նաև Եռաբլուրում արված լուսանկար է հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն Facebook-ի իր էջում շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը։
«Հայաստանի անկախության այս օրը եկեք չմոռանանք երկու երկրների կապերը: Սա հարուստ Հայաստանն է ՝ ավելի քան 2 000 տարվա մշակույթով և հզոր ինքնությամբ։ Սա Հայաստանն է, որը պայքարում էր Ֆրանսիայի կողքին մեր ազատության համար։ Հայաստանը, ինչպես և Ֆրանսիան, պատմության փորձություն է անցել»,- գրել է Բուայեն։
Նա հիշեցրել է, որ Հայաստանն այսօր էլ պայքարում է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ իր և իր ժողովրդի գոյատևման համար։ Եվ այսօր՝ իր անկախության օրը, Հայաստանը կանգնած է հազարավոր երիտասարդների կորստի, հազարավոր վիրավորների և հայ բանտարկյալների ընտանիքների անորոշության առջև։

"Ես հայ չեմ, բայց որպես ֆրանսուհի ուզում եմ ասել, որ Հայաստանը Ֆրանսիայի քույրն է և կարող է միշտ ապավինել նրա լիակատար աջակցությանը",- գրել է Բուայեն։

Այս գրառմանը կից քաղաքական գործիչը նաև լուսանկար է հրապարակել, որում կանգնած է Եռաբլուրում, իսկ հետևում հերոսների գերեզմանների վրա հայոց եռագույններն են ծածանվում։
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 21–ին, ՀՀ–ն նշում է Անկախության 30–ամյա հոբելյանը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը (99%) արտահայտվեց անկախ պետականություն կերտելու օգտին։
Քվեարկությանը մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 95 տոկոսը։ Երկու օր անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը հաստատեց ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու որոշումը։