ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը վստահ է, որ պետությունն ու ժողովուրդը կկարողանան դուրս գալ պատերազմից հետո ստեղծված իրավիճակից։ Նա այս մասին ասաց նախագահականում լրագրողների հետ զրույցում։
Նշենք, որ Անկախության 30-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում պարգևատրման արարողություն է։
«Մենք կունանանք այն երազած հայրենիքը, որի համար պայքարել ենք, սակայն դեռ շատ անելիքներ ունենք։ Մենք պետք է հաղթահարենք դժվարությունները և առաջ գնանք աշխատանքով»,–ասաց Դավթյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ՀՀ ԶՈւ ԳՇ պետն ինչ նախադրյալներ է տեսնում երազած հայրենիք կառուցելու, երբ քաղաքացիները Սյունիք գնալու համար անվտանգության խնդիրներից ելնելով` ստիպված են մտորել։ Ի պատասխան Դավթյանը նշեց, որ մտորելու խնդիր չի տեսնում Սյունիք գնալու հետ կապված։
"Ես էլ եմ անցել Գորիս-Կապան ճանապարհով, նորմալ էր։ Եթե գնացել-եկել եմ, ուրեմն նորմալ էր",–ասաց նա։
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հերքեց շրջանառվող լուրերն այն մասին, որ Սյունիքին կապող այլընտրանքային ճանապարհ կառուցելով`պետք է հրաժարվեն գործող ճանապարհից։ Նա վստահեցրեց, որ նման խնդիր չկա։
Դավթյանը հրաժարվեց պատասխանել անվտանգությանն առնչվող այլ հարցերին։
Հիշեցնենք` օգոստոսի վերջին ադրբեջանական ԶՈւ–ն երեք օր շարունակ փակել էր Գորիս-Կապան ճանապարհահատվածը, ինչի հետևանքով լուրջ խնդիրներ էին առաջացել տեղի բնակիչների համար։ Ի վերջո ճանապարհը բացվեց, սակայն ադրբեջանական ուղեկալների մոտ բետոնե արգելապատնեշներ տեղադրվեցին իբր երթևեկության անվտանգության համար։
Սեպտեմբերի 12-ի ժամը 12։00-ից սկսած Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ բացած իրենց ոստիկանական կետում ադրբեջանցիները ստուգում են իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների փաստաթղթերն ու բեռը, պահանջում մաքսատուրք վճարել։
Սեպտեմբերի 17-ին ադրբեջանցիները կանգնեցրել էին հայկական պեհամարանիշով ավտոբուսը, որը տեղափոխելիս է եղել արցախցի երխաների։ Ադրբեջանցի զինվորականը մեքենայի վրայից քերել էր Արցախի դրոշը, ապա ավտոբուսի մեջ նստած երեխաներին "սովորեցրել", թե ումն է Արցախը։