ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Երասխ համայնքում բարձրացվել է հանրապետությունում ամենամեծ եռագույնը։ Տեղեկությունը հայտնում է Արարատի մարզպետարանը Faceboоk-ի պաշտոնական էջում։
Դրոշի չափսերն են 6մ×12մ, դրոշակաձողի բարձրությունը 35մ է։
Դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, պետական այրեր։
Նշվում է, որ նախաձեռնությունը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանինն է։
«Այն նվիրված է ՀՀ անկախության 30-ամյակին, ինչպես նաև նրա ազատության և ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհած բոլոր հերոս հայորդիների հիշատակին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Երասխ համայնքը սահմանակից է Նախիջևանի ինքնավար մարզի հետ, և վերջին շրջանում համայնքն ու մարտական դիրքերը պարբերաբար ադրբեջանական կողմից գնդակոծության են ենթարկվում տարբեր տրամաչափի զինատեսակներից։
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 21–ին, ՀՀ–ն նշում է Անկախության 30–ամյա հոբելյանը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը (99%) արտահայտվեց անկախ պետականություն կերտելու օգտին։
Քվեարկությանը մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 95 տոկոսը։ Երկու օր անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը հաստատեց ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու որոշումը։