Առանց ճոխության. Գյումրիում Անկախության տոնին պարգևատրեցին 44-օրյա պատերազմի մասնակիցներին

Գյումրիում Անկախության տոնին պարգևատրեցին 44-օրյա պատերազմի մասնակիցները
Գյումրիում այս տարի Անկախության տոնին նվիրված հրավառություն, մասսայական միջոցառումներ ու համերգ նախատեսված չէ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Գյումրու համայնքապետարանում այսօր` Անկախության 30–ամյակի կապակցությամբ պարգևատրել են 44-օրյա պատերազմի մասնակից զինվորներին։ Նրանցից շատերը մի քանի վիրավորում ստացած տղաներ են: Հենց նրանց էր Գյումրու զինվորական կոմիսարիատը ներկայացրել քաղաքապետարանին՝ պարգևատրման:
Գյումրիում Անկախության տոնին պարգևատրեցին 44-օրյա պատերազմի մասնակիցները
Մինչ պարգևատրումը բոլորը 1 րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի համար իրենց կյանքը տված տղաների հիշատակը:
«Պետք է հիշենք ու շնորհակալ լինենք պատերազմի մասնակից բոլոր տղաներին: Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի պետք է այնպես աշխատի ու արարի, որ ձեր ու ձեր արածի նկատմամբ կարողանանք մեր պարտքը տալ»,-շնորհավորելով տղաներին` ասաց Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը։
Ռաֆայել Չախալյանը
44-օրյա պատերազմի մասնակից, Արցախի նախագահի «Մարտական ծառայություն» մեդալի արժանացած Ռաֆայել Չախալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ առաջին հերթին մեր երկրին խաղաղություն է մաղթում։ «Պատերազմում իմ ընկերոջն եմ կորցրել, սովորել եմ սիրել կյանքն ու ընկերոջս կյանքն իմ կյանքից առավել կարևորել»,-ասաց Ռաֆայելը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ պարտադիր զինվորական ծառայություն էր անցնում Մարտակերտում՝ հրետանավոր էր ու ջոկատի հրամանատար:
Գյումրիում Անկախության տոնին պարգևատրեցին 44-օրյա պատերազմի մասնակիցները
Բարձրաձայնել սխրանքների մասին Ռաֆայելն ու մյուս տղաները չցանկացան, ասում են՝ արել են ինչ կարող էին, իսկ որպես արժանի գնահատական խնդրում են հարգել իրենց ընկերների հիշատակը: