ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանը կկարողանա նոր ներդրումային հնարավորություններ ստանալ Ռուսաստանի հետ: Այս մասին Երևանում հայ-ռուսական գործարար համաժողովի բացման ժամանակ ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Նա նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականի առաջին կիսամյակում, ըստ հայկական կողմի, աճել է 16%-ով, իսկ ռուսական տվյալներով ՝ 17.2%-ով: «Բայց անհրաժեշտ է աշխատել փոխադարձ առևտրի դիվերսիֆիկացման և նոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ: Դրա համար մենք կարող ենք և պետք է օգտվենք ռուսական ինստիտուցիոնալ կառույցների հնարավորություններից, ինչպիսիք են Ռուսաստանի արտահանման կենտրոնը և այլն», - ասաց նա:
ՌԴ փոխվարչապետը հույս հայտնեց, որ Երևանում անցկացվող համաժողովում Հայաստանը կկարողանա նորովի բացահայտել Ռուսաստանի հետ առևտրի և ներդրումների, ինչպես նաև էներգետիկայի, մեքենաշինության, տրանսպորտի, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հնարավորությունները: Նրա խոսքով, ռուսական ընկերությունները պատրաստ են դիտարկել նոր նախագծեր, որոնք համաժողովի ընթացքում կներկայացվեն Հայաստանում։
«Armenian Business Forum–2021» ռուս-հայկական տնտեսական համաժողովը կազմակերպել է Ռուսաստանի հայ ձեռնարկատերերի ասոցիացիան, որի հիմնադիրն ու նախագահը «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն է:
Նշենք, որ Sputnik Արմենիա լրատվական գործակալությունը համաժողովի տեղեկատվական հովանավորներից է։