ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը Facebook-ի իր էջում գրառում արել և Հայաստանի իշխանություններին մեղադրել թուրքական շահերը սպասարկելու մեջ:
Դրա առիթը Թուրքիայի նախագահի վերջին հայտարարությունն էր, որում Էրդողանը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իրեն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանդիպելու առաջարկը: Նրա խոսքով, որպեսզի նման քննարկումներ կայանան, հայկական կողմը պետք է քայլեր անի։ Մասնավորապես, թուրքական կողմն ակնկալում է, որ Հայաստանը Ադրբեջանին միջանցք կտրամադրի դեպի Նախիջևան։
Սաղաթելյանի խոսքով`Էրդողանի կողմից միայն այդ նախապայմանի հիշատակումը, ինչպես նաև ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը բավարար հիմքեր են տալիս ենթադրելու, որ Հայաստանին պարտադրվող թուրքական այլ նախապայմանները՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը, Հայաստան-Թուրքիա ներկա սահմանի դե յուրե ընդունումը և Արցախից հրաժարումը, Հայաստանի իշխանությունները բավարարել են։
«Հայաստանի՝ միակողմանիորեն տարածաշրջանային խաղաղություն հաստատելու ինքնահռչակ և անհեռանկար գաղափարներով տարված իշխանությունը, իր ղեկավարով հանդերձ, ակնհայտորեն չի հասկանում, թե իրենցից ինչ են ներկայացնում պանթյուրքական անթաքույց նկրտումներով առաջնորդվող ժամանակակից Թուրքիան և դրա նախագահը, որը տարված է օսմանյան սուլթանների երբեմնի վարքով։ Բայց Էրդողանն ու մեր ժողովրդի թշնամիները շատ հստակ պետք է հասկանան՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին չի՛ կարելի նույնացնել հայկական պետության հետ»,–գրել է Սաղաթելյանը։
Նրա խոսքով` հայ ժողովուրդն ապրում է իր պատմության դժվարագույն ժամանակներից մեկը, բայց դա չի նշանակում, որ հայ ժողովուրդը հրաժարվելու է «իր անժամանցելի իրավունքներից» և, տեղի տալով ադրբեջանաթուրքական սպառնալիքներին՝ հարցականի տակ է դնելու մեր պետության գոյությունը։ Նա հիշեցրել է, որ անցյալ դարում ցեղասպանված ժողովուրդը կարճ ժամանակում ի զորու եղավ մեջքը շտկել և անհավանական ջանքերով, հարյուրամյակների ընդմիջումից հետո, պետություն ստեղծել, արվեստ ու մշակույթ զարգացնել, Արցախ ազատագրել։
«Սիրելի՛ հայրենակիցներ, մենք համախմբված կերպով պետք է մերժենք այս՝ չարիքի իշխանության առաջ բերած կործանարար օրակարգը և կանխենք Հայաստանի թուրքացումը. սեղանին է դրված հայկական պետականության գոյության հարցը, և մենք համակերպվելու, նահանջելու իրավունք չունենք»,–գրել է նա։
Սաղաթելյանը հիշեցրել է, որ պատերազմի ընթացքում Փաշինյանն Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիան որակում էր ադրբեջանաթուրքական ահաբեկչություն։ «Հետաքրքիր է ինչ փոխվեց, այլևս ահաբեկիչ չե՞ն»,–շեշտել է նա:
Սեպտեմբերի 19-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով հանդիպման առաջարկ է արել իրեն: Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն էլ այսօր հայտարարել է, որ այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների միջև որևէ շփում տեղի չի ունեցել, չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների, իսկ արդյունավետ աշխատանքի պարագայում Հայաստանը պատրաստ կլինի նաև բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների։