ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պերմում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, խոր ցավով տեղեկացա Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի ողբերգական միջադեպի հետևանքով զոհերի և տուժածների մասին: Ամբողջ հայ ժողովրդի և իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,– գրված է հեռագրում։
Հիշեցնենք` 18-ամյա ուսանող Թիմուր Բեքմանսուրովն այսօր մտել է Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի մասնաշենքերից մեկի տարածք և կրակ բացել որսորդական ողորկափող հրացանից։ Ըստ ՌԴ քննչական կոմիտեի տվյալների` 8 մարդ մահացել է, 28–ը` վիրավորվել։ Կասկածյալը ձերբակալություն ժամանակ դիմադրություն է ցույց տվել իրավապահներին և վնասվածք ստացել։