ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանը և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն մտադիր են վերականգնել լաստանավային հաղորդակցությունը Փոթի նավահանգստի (Վրաստան) և Կովկաս նավահանգստի (ՌԴ, Կրասնոդարի երկրամաս) միջև։ Այս մասին այսօր Երևանում ընթացող հայ-ռուսական գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ինչպես նշել է Գրիգորյանը, երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, մինչև 2024 թվականը ժամանակահատվածում Հարավկովկասյան երկաթուղու ներդրումների ընդհանուր ծավալը ավելացել է 3,7 մլրդ ռուբլով:
Արդյունքում 2021 թ․-ին ձեռք են բերվել ժամանակակից մարդատար վագոններ, նոր էլեկտրագնացքներ՝ ներքին տրանսպորտային հաղորդակցության համար, բեռնատար կիսավագոններ։ 2022 թ․-ին նախատեսվում է նոր՝ 4 վագոնով էլեկտրագնացքի ձեռքբերում։
Այսպիսով, մինչև 2025 թ․-ը ՀԿԵ-ն գրեթե ամբողջությամբ կթարմացնի ուղևորատար և բեռնատար շարժակազմերը։
«Մոտ ժամանակներս ՀԿԵ-ի հետ համատեղ մենք նախատեսում ենք վերսկսել լաստանավային հաղորդակցությունը Փոթի նավահանգիստ - Կովկաս նավահանգիստ երթուղով, ինչը թույլ կտա ավելացնել ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև», - ասել է Գրիգորյանը:
Անդրադառնալով ԵԱՏՄ ընձեռած հնարավորություններին՝ Գրիգորյանը նշեց, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության վերականգնման գրավականներից մեկը:
«Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը շարունակում է թափ առնել, այդ թվում ՝ ԵԱՏՄ -ին անդամակցության շնորհիվ», - հայտարարեց Գրիգորյանը: Նրա խոսքով, ԵԱՏՄ -ում դրված հիմքի շնորհիվ հնարավոր եղավ էապես թուլացնել համաճարակի կործանարար ազդեցությունը տնտեսության և սոցիալական ոլորտի վրա:
«ԵԱՏՄ անդամների հետ համագործակցությունը Հայաստանի համար մնում է տնտեսության վերականգնման հիմնական գրավականներից մեկը և մեր երկրի տնտեսական աճի և արտաքին առևտրի ներուժի վրա ազդող ամենակարևոր գործոնը», - ասաց Գրիգորյանը:
«Armenian Business Forum–2021» ռուս-հայկական տնտեսական համաժողովը կազմակերպել է Ռուսաստանի հայ ձեռնարկատերերի ասոցիացիան, որի հիմնադիրն ու նախագահը «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն է:
Նշենք, որ Sputnik Արմենիա լրատվական գործակալությունը համաժողովի տեղեկատվական հովանավորներից է։