ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈՒՆՀ) ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ և հայաստանյան առաջատար «Լիկվոր» դեղագործական ձեռնարկություն ՓԲԸ-ն հայտնում են կորոնավարակի դեմ «Սպուտնիկ Լայթ» ռուսաստանյան միաբաղադրիչ պատվաստանյութի առաջին խմբաքանակների արտադրության մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Հայաստանում արտադրված դեղամիջոցը նախնական շրջանում կօգտագործվի Հայաստանի բնակչությանը կորոնավարակի դեմ պատվաստելու համար։
«Սպուտնիկ Լայթի» վավերացված խմբաքանակները կուղարկվեն ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոն (ՀՄԱՀԿ)՝ որակի ստուգման նպատակով։ Հետազոտության ավարտին դրական արդյունքները թույլ կտա սկսել պատվաստանյութի կոմերցիոն արտադրություն։
«Սպուտնիկ Լայթի» արտադրությանը Հայաստանը հավանություն տվել է այս տարվա սեպտեմբերի 6-ին։ 2021 թվականի փետրվարին Հայաստանում հաստատվել է նաև «Սպուտնիկ V» երկբաղադրիչ պատվաստանյութի օգտագործումը։
Նշենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևանում ընթացող հայ-ռուսական գործարար համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը կարող է սկսել ռուսական «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությունը։